Արմեն Ալավերդյան. Պիտակավորումը ապրանքի գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում
Տնտեսություն
13:17 13/07/2013

Արմեն Ալավերդյան. Պիտակավորումը ապրանքի գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում

«Վերջին օրերին ավելորդ շահարկումներ են տեղի ունենում, թե դրոշմապիտակների ներդրման հետևանքով այդ ապրանքների գները բարձրանում են կամ կարող են բարձրանալ: Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-Panorama.am-ին ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը` անդրադառնալով այն լուրերին, թե հուլիսի 1-ից գործածության մեջ մտած դրոշմակնիքների հետևանքով թանկացել են այն ապրանքները, որոնց վրա փակցվում է պիտակը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչև 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ու ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:

Արմեն Ալավերդյանի ներկայացմամբ, մեկ պիտակի արժեքը 3.5 դրամ է, ընդ որում այդ 3.5 դրամ պիտակի համար վճարելով տնտեսվարող սուբյեկտը վճարման ենթակա իր հարկը պակասեցնում է 3.5 դրամի չափով:

«Այսինքն պիտակավորումը գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում: Կազմակերպությունները պիտակների վրա կատարած ծախսը 100 տոկոսով պակասեցնում են իրենց վճարման ենթակա հարկից»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Ալավերդյանի խոսքով, պիտակների 12 օրվա կիրառումը ցույց է տվել, որ տնտեսվարողների մոտ շրջանառության աճ է արձանագրվել:

«Պիտակավորումը հենց այն նպատակով է ներդրվել, որ ստվերային շրջանառությունը բերվի հարկման դաշտ: Արդեն իսկ առանձին սուբյեկտների մոտ երևում են նախանշաններ, որ ծավալների աճ է արձանագրվում: 3-րդ եռամսյակի ավարտից հետո հանրությանը մենք կտեղեկացնենք, թե ինչ աճի մասին է խոսքը»,-ասաց Ալավերդյանը` ձեռնպահ մնալով, այս պահին կոնկրետ անուններ հրապարակել:

«Նախնական գնահատականներ կան, նախնական վերլուծություններ կան: Ընդամենը 12 օր է` ինչ ներդրվել է պիտակավորումը: Հիմա մենք իրականացնում ենք հսկողական գործողություններ, հույս ունենք հանրությանը ևս ներգրավել այդ գործում, որովհետև չպիտակավորված ապրանքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ստվերային, եթե իհարկե դրանք առաքվել են հուլիսի 1-ից հետո»,-ասաց նա ու բացատրեց, որ խոսքը չի վերաբերում այն ապրանքներին, որոնք տնտեսվարողների մոտ կային մինչև հուլիսի 1-ը չպիտակավորված, և նրանց պիտանելության ժամկետը թույլ է տալիս, որպեսզի դրանք իրացվեն երկրորդ կիսամյակի ընթացքում:
Այդ ապրանքները, ըստ նրա, կարելի է իրացնել մինչև տարեվերջ, սակայն չպիտակավորված ապրանքների /հիմնականում ներմուծված/ քանակները կնվազեն ու կգա ժամանակը, որ առանց պիտակավորման վերոհիշյալ ապրանքներից չի լինի, հակառակ դեպքում, սպառնում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

Ալավերդյանի խոսքով, հետևաբար տնտեսվարողների գնային քաղաքականությունը կապված է այլ վարքագծի հետ:
«Հավանաբար ստվերային շրջանառությունը հայտարարագրելով նրանց մոտ հարկային պարտավորություններ են առաջանալու, և հավանաբար այդ հաշվարկն առանձին սուբյեկտներ իրենց մոտ անում են»,-ասաց Ալավերդյանը, ավելացնելով, որ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը շահարկող ընկերությունները պետք է իրատեսական գնահատեն ու համաչափ բարձրացնեն իրենց արտադրանքի գները:

«Նշված արտադրություններում գազի ու էլետրաէներգիայի ծախսը տեխնոլոգիական առումով մեծ տեսակարար կշիռ չի կազմում»,-նկատեց ՊԵԿ պաշտոնյան:

Արմեն Ալավերդյանը չբացառեց, որ ստվերի կրճատման գործում հաջողություն գրանցելու դեպքում օրենսդրական առաջարկություն ներկայացնեն պիտակավորման ենթակա արտադրանքի տեսականին ընդլայնելու վերաբերյալ:

Placeholder
Արմեն Ալավերդյան. Պիտակավորումը ապրանքի գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում