Թուրքերը Ցեղասպանության 100-ամյակին հայ-թուրքական հարաբերությունների մասին աշխատություն են պատրաստում
Հասարակություն
15:20 15/07/2013

Թուրքերը Ցեղասպանության 100-ամյակին հայ-թուրքական հարաբերությունների մասին աշխատություն են պատրաստում

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը (TTK) պատրաստվում է թուրք-հայկական հարաբերությունների տարբեր պատմական փուլերը արտացոլող ժողովածու հրատարակել:

Թուրքիայի պատմագիտական ընկերության (TTK) նախագահ Մեհմեթ Մեթին Հյուլագյուն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, որ ժողովածուն ներառելու է թուրք և հայ հասարակությունների քաղաքական և հասարակական հարաբերությունների մասին հոդվածներ:

«Ժողովածուն 2015 թվականին` այսինքն՝ Հայոց ցեղասպանության պնդումների 100-ամյակին ընդառաջ, նախապատրաստական աշխատանք կլինի: Բացի այդ, կգրվի մինչ այսօր չգրված հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը: Մինչ այժմ եղել են հարաբերությունների առանձին ժամանակաշրջանների վերաբերյալ աշխատություններ: Մեր ժողովածուն կընդգրկի և՛ անցյալում, և՛ վերջին տարիներին գրված աշխատություները, ինչպես նաև` այսօրվա տեղեկություններով ու փաստաթղթերով նորացված հոդվածներ»,- ասել է Հյուլագյուն:

Ըստ ընկերության նախագահի` «այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է այս հարցը, Թուրքիան այս թեմայով որևէ ընդգրկուն աշխատություն չունի և սա մեծ բացթողում է»:

Հյուլագյուն նշել է, որ ժողովածուն պատրաստ կլինի 1 տարվա ընթացքում:
 

Placeholder
Թուրքերը Ցեղասպանության 100-ամյակին հայ-թուրքական հարաբերությունների մասին աշխատություն են պատրաստում