Դ. Բաբայան. Միջազգային հանրությունը գիտակցում է՝ առանց ԼՂՀ-ի անհնար է բանակցություններում լուրջ արդյունքների հասնել
Քաղաքական
12:42 16/07/2013

Դ. Բաբայան. Միջազգային հանրությունը գիտակցում է՝ առանց ԼՂՀ-ի անհնար է բանակցություններում լուրջ արդյունքների հասնել

Նախօրեին տեղի ունեցած ԼՂՀ նախագահի և ԵԱՀԿ գործող ղեկավարի հանդիպման արդյունքների և բանակցային պրոցեսի վերջին զարգացումնրի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:

«Նման ֆորմատով հանդիպումներն ինքնին կարևոր են: Այս հանդիպումը ցույց տվեց, որ ԵԱՀԿ գործող ղեկավարը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ինչը բնականաբար ողջունելի է:

Ճիշտ է՝ Արցախը բանակցային գործընթացի լիարժեք կողմ չէ, սակայն նմանատիպ հանդիպումները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը գիտակցում է այն պարզ ճշմարտությունը, որ առանց ԼՂՀ-ի անհնար է բանակցություններում լուրջ արդյունքների հասնել:

Այնպես չէ, որ այդ հանդիպումը լուրջ բեկում էր ենթադրում, սակայն պետք է փաստել, որ ԵԱՀԿ լուրջ ջանքեր է գործադրում հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ»,- նշեց Դ. Բաբայանը:

Հարցին, թե տևական ժամանակ է նախագահի մակարդակով հանդիպումներ չեն անցկացվում, ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը, վերջինս նշեց. «Կարծում եմ՝ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Սաֆարովին ազատ արձակելուց ու հերոսացնելուց, ինչպես նաև՝ հայատյացության քաղաքականություն իրականացնելու պայմաններում դժվար է ղեկավարների մակարդակով հանդիպում նախատեսել:

Մյուս տեսանկյունից, Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում և այդ հանդիպումը Ալիևը կփորձի օգտագործել սեփական քարոզչության շրջանակներում, իսկ հայատյացությունը այդ ճանապարհին Ադրբեջանի նախագահի հիմնական գործիքն է:

Այս տեսանկյունից, եթե նույնիսկ մինչև հոկտեմբեր նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպվի, պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ»:

Placeholder
Դ. Բաբայան. Միջազգային հանրությունը գիտակցում է՝ առանց ԼՂՀ-ի անհնար է բանակցություններում լուրջ արդյունքների հասնել