Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան
Հասարակություն
12:41 20/07/2013

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

Ուրուգվայի Նախագահական պալատում օրերս տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հանդիսության սկզբում ընթերցվել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով վերջինս ողջունում էր այս կարևոր նախաձեռնությունը և նշում, որ թանգարանի հիմնումը կօգնի վառ պահել հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը ցնցել է համայն մարդկությունը։ Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը և դեսպան Մելիքյանը։

Հայաստանի կառավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին և նախաձեռնության հեղինակներին` դեսպանը նշեց, որ սա ևս մեկ կարևոր և պատմական քայլ է արդարության վերականգնման ճանապարհին և հերթական հիմնավոր պատասխանը ժխտողականությանն ու այլատյացությանը։

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձևավորվի պետական հանձնաժողով։

 

Placeholder
Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան