ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները տարբեր հարթության հարցեր են
Քաղաքական
13:04 25/07/2013

ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները տարբեր հարթության հարցեր են

ԵՄ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Հայաստանի և ԵՄ միջև ընթացող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքները հաջողությամբ ավարտվել են:

Պրոցեսի նման ընթացքը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ԵՄ-ի հետ նոր՝ որակապես առավել բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել՝ առավել սերտացնելով տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ:

Իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում Հայաստանի տնտեսությունն ամբողջական բարեփոխումների կենթարկվի, ինչի արդյունքում ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերը համահունչ կլինեն ԵՄ չափանիշներին, իսկ մեր տնտեսությունը կդառնա մրցունակ:

Ըստ ԵՄ փորձագիտական կանխատեսումների, երկարաժամկետ կտրվածքով, ՀՀ տնտեսությունը տարեկան կստանա հավելյալ 146 մլն եվրո, ինչը կազմում է ՀՆԱ 2.3% աճ: Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո կանխատեսվում է Հայաստանից արտահանումների 15.2%, և ներկրումների 8.2% աճ՝ երկարաժամկետ հեռանկարում բարելավելով երկրի առևտտային բալանսը:

Հետաքրքիր զուգադիպությամբ, ԵՄ-ն բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի նկատմամբ ուղղորդված սև քարոզչություն է իրականացվում:

Չնայած իրադարձությունների նման ընթացքը սպասելի էր, այնուամենայնիվ, կարելի է ֆիքսել, որ ներկայումս, ավելի քան երբևէ, ՀՀ՝ եվրոպական ինտեգրացիայի դեմ իրականացվող հայտարարությունները առավել կոշտ բնույթ են կրում:

Վիլնյուսում սպասվող գագաթաժողովից առաջ փորձ է կատարվում ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ներկայացնել որպես «հակառուսական քաղաքականության» դրսևորում, ընդ որում՝ ցավալի է, երբ հարցին նման նրբերանգներ են փորձում հաղորդել նաև որոշ հայաստանյան քաղաքական գործիչներ:

Ավելին, ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը որոշ գործիչներ փորձում են ներկայացնել որպես ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու զուգահեռ պրոցես, ինչը բացի նրանից, որ հասարակության մոլորեցնելու միտում ունի, այլ հակասում է ՀՀ պետական շահերին:

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի ամենակատիվ անդամներից, ընդ որում՝ այս պահին ՀԱՊԿ-ն որպես ռազմա-քաղաքական դաշինք Հայաստանի համար այլընտրանք չունի: Սակայն Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեջ հակասություն տեսնելն ու մի հարթության մեջ քննարկման դնելը աննպատակահարմար է:

Քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյան

Placeholder
ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները տարբեր հարթության հարցեր են