Այս տարի սպասվում է ցորենի աննախադեպ բերք. գյուղնախարար
Տնտեսություն
13:25 01/08/2013

Այս տարի սպասվում է ցորենի աննախադեպ բերք. գյուղնախարար

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը, ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուի քանակությունը, սորտը և ցանքատարածությունները:

Նկատի է առնվել այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Այս, ինչպես նաև մյուս սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը: Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:

Հաջորդ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու:

Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ որոշման մեջ մի կետ է պետք մտցնել, որը վերաբերում է լաբորատոր ստուգմանը: Դրանով ավելի վստահ կլինեն, որ ներմուծում են էլիտար սերմ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ սերմացուն լաբորատոր ստուգման ենթարկվում է:

Նա միաժամանակ հայտնեց, որ այս տարի սպասվում է ցորենի աննախադեպ բերք: «Այդպիսի բերք մենք չենք ստացել. այս տարի բնակլիմայական պայմանները շատ բարենպաստ են»,- ասաց նախարարը: 

Մեզ մնում է տարածել ձեռքերը`
ԷԼԻ ԷԼԻՏԱ՞Ր: 

Placeholder
Այս տարի սպասվում է ցորենի աննախադեպ բերք. գյուղնախարար