Պետության կողմից մատուցվող ծառայությունները սեպտեմբերից կլինեն մոնիտորինգի տակ
Տնտեսություն
14:15 08/08/2013

Պետության կողմից մատուցվող ծառայությունները սեպտեմբերից կլինեն մոնիտորինգի տակ

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ոչ պետական կառույցների կողմից իրականացվելու է պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց առնչվում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին: Եվ, առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված վերաբերմունքը պետության նկատմամբ:

Խնդրում եմ, որպեսզի դուք հանձնարարեք ձեր ենթակայության տակ գտնվող ծառայություններին՝ ինքնուրույնաբար համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, բացահայտված խնդիրներին տալ լուծումներ, որպեսզի մենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անակնկալ արդյունքներ չունենանք», -նախարարներին զգուշացրեց Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև վարչապետն անդրադարձավ համախառն ներքին արդյունքի գնահատականներին, 2013-ին սպասվող տնտեսական աճին որոնք, ինչպես ինքն ասաց, արդեն հավաքվում են և այդ թեմայով առանձին խորհրդակցություն կանցկացվի: «Նույն ռեժիմով կաշխատենք, ինչպես անցած տարի՝ բոլոր տեղեկությունները կտրամադրենք նաև Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի ըստ համախառն ներքին արդյունքի աճի կարողանանք բացահայտել նաև լրացուցիչ հարկերի հավաքման ներուժն ըստ ոլորտների», -հավելեց վարչապետը:

Placeholder
Պետության կողմից մատուցվող ծառայությունները սեպտեմբերից կլինեն մոնիտորինգի տակ