Վարչապետը ներողություն է խնդրել թոշակառուներից
Օրվա թեմա
13:00 08/08/2013

Վարչապետը ներողություն է խնդրել թոշակառուներից

Օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրասն Սարգսյանը ներողություն խնդրեց 1000-ից ավելի թոշակառուներից:

Նշենք, որ «Հայփոստ»-ի բաժանմունքերի մոտ օգոստոսի 4-5-ը թոշակառուների հերթեր էին գոյացել, և ինչպես հայտարարեց վարչապետը, շուրջ 1400 թոշակառուներ թոշակներ ստանալիս խնդիրներ են ունեցել, քանի որ ցուցակները ժամանակին տեղ չէին հասել:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կատարվածի կապակցությամբ հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու վերահսկողության ծառայությանը՝ քննություն անցկացնել:

«Պետք է արձանագրենք, որ չնայած այն արմատական փոփոխություններին, որ կատարեցինք այս բնագավառում, դեռևս նկատվում է ներքին դիմադրություն այս նոր համակարգի ներդրման նկատմամբ: Առաջին անգամ թոշակները վճարվում էին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատերին դա դուր չի գալիս ու ուզում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային տարբերակով վճարվեն»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ նախարար Արտեմ Ասատրյանը իրեն զեկուցել է, որ չնայած արմատական փոփոխություններին, չարաշահումների բացահայտումներին՝ վերջին երեք ամիսներին շարունակվում են արձանագրվել նոր խախտումներ:

«Կան մարդիկ, որոնք դեռևս փորձում են հին մեթոդներով փող վաստակել անօրինական ձևով: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից և սեպտեմբերին մենք հրապարակային կներկայացնենք, թե ինչպիսի չարաշահումներ են եղել համակարգում և ինչ եղանակներ էին օգտագործում փող աշխատելու համար»,- նշեց վարչապետը ու փոխանցեց, որ Արտեմ Ասատրյանը խոստացել է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում նմանատիպ խնդիրներ չեն լինի և թոշակառուներն առանց բարդությունների կստանան իրենց թոշակները:

Placeholder
Վարչապետը ներողություն է խնդրել թոշակառուներից