Ս. Հասրաթյան. Ականի վրա հայ զինծառայողի պայթելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
Քաղաքական
12:33 08/08/2013

Ս. Հասրաթյան. Ականի վրա հայ զինծառայողի պայթելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

«Այն ինչ տեղի է ունեցել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը պատշաճ ձևով ներկայացրել է: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ ադրբեջանական տարածքում հայտնվել է մեկ զինծառայող, իսկ ականի վրա որևէ հայ զինծառայող չի պայթել»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ինչպես «ԱՊԱ» լրատվական գործակալությունն է պնդում, հայ զինծառայող է ականի վրա պայթել, ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում»:

Ս. Հասրաթյանը նշեց, որ վերոնշյալ լուրերը «ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը»:

Նշենք, որ «ԱՊԱ» լրատվական գործակալությունը լուր էր տարածել այն մասին, որ բացի այն զինծառայողից, ով հայտնվել էր ադրբեջանական տարածքում, ևս մեկ զինծառայող ականի վրա պայթել է:

Placeholder
Ս. Հասրաթյան. Ականի վրա հայ զինծառայողի պայթելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը