Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաակաշվիլի. Վրաստանը պատրաստ էր հրաժարվել ՆԱՏՕ-ից, եթե Ռուսաստանը համաձայներ լուծել տարածքների հարցը
Ռուսաստանի հետ պատերազմը անխուսափելի էր: Այս մասին «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ռուսաստանի հետ պատերազմից կարելի էր խուսափել միայն այն դեպքում, երբ Վրաստանը չկայանար` որպես պետություն: Այն, ինչ մենք արել ենք 2008թ.-ին, կդատեն պատմությունն ու ապագ սերունդները: Ես վստահ եմ, որ պատմությունը արդար կդատի»,- ասել է Մ. Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահը նշել է, որ բոլոր միջոցներով փորձել է կանխել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը` ընդհուպ ՆԱՏՕ-ին ինտեգրվելուց և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից հրաժարվելու գնով:
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք համապատասխան համաձայնագրի հիման վրա հրաժարվել ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ի հետ պրոգրեսիվ հարաբերություններից, եթե դուք, ձեր հերթին, օգնեք մեզ տարածքների հարցում առաջընթաց արձանագրել: Սակայն Ռուսաստանի նախագահ Պուտինը առանց երկմտելու պատասխանեց. «Ես չեմ փոխանակում տարածքները աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ»,-ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ 2008թ.-ի օգոստոսի 8-ին սկիզբ առած հինգօրյա ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, ինչից հետո մինչ օրս դադարեցված են Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները: