Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Օրվա թեմա
10:36 12/08/2013

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: 1999թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, օգոստոսի 12-ը, Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, ընդունվել է որպես Երիտասարդության միջազգային օր: Աշխարհում, երիտասարդության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2000 թվականինին:

Տոնի առթիվ այսօր արդեն շնորհավորական ուղերձներ են հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

«Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել հասարակության զարգացման շարժիչ ուժը և այսօր էլ, արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Համոզված եմ, որ այսօր էլ երիտասարդական ձեր ողջ եռանդով ու կարողություններով դուք պատրաստ եք արժանապատիվ մասնակցություն ունենալ մեր երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ,որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում օժանդակել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն օգտակար կլինի մեր սիրելի Երևանի ու երևանցիների համար»,-ասված է Տարոն Մարգարյանի ուղերձում:

Կարեն Ավագյանն էլ շեշտում է, որ այսօրվա 20, 30 տարեկան երիտասարդներն են վաղը դառնալու Հայաստանի զարգացման ծրագրերի գլխավոր գործող անձինք։

«Տքնաջան սովորեք ու աշխատեք, և հաջողությունն ինքը կգա ձեզ ընդառաջ։ Միշտ հավատացեք նրան, ինչ անում եք, եղեք համարձակ և մի վախեցեք նախաձեռնողականությունից ու պատասխանատվությունից։ Գիտեմ, շատ դժվար է կատարել առաջին քայլը, բայց արեք դա, և կգտնվեն մարդիկ, ուժեր, որոնք կկանգնեն ձեր կողքին ու կօգնեն իրականություն դարձնել ձեր և մեր բոլորի երազանքը»,-խորհուրդ է տալիս պատգամավոր Ավագյանը:

Placeholder
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է