Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Աշոտյան. Ուսման վարձերի թանկացմանը ես ըմբռնումով եմ մոտենում
ԿԳՆ շենքի դիմաց պետական բուհերում վարձավճարների թանկացումից դժգոհող քաղաքացիներն այսօր այդպես էլ հրաժարվեցին ԿԳ նախարարի հետ հանդիպել սենյակային պայմաններում: Նրանք մնացին իրենց պահանջին, այն է` Աշոտյանը իջնի ներքև ու լսի իրենց: Աշոտյանն անդրդվելի մնաց, իսկ ակցիայի մասնակիցներից մի քանիսը, որ արդեն շենքի ներսում էին ու որոշել էին նախարարության պատերի ներսում հանդիպել նախարարին, վերջին պահին փոշմանեցին ու լքեցին շենքը:
Փոխարենը նախարարի հետ շփվելու հնարավորություն ունեցան լրագրողները: Նախարար Աշոտյանն ասաց, որ վարձավճարները թանկացել են հանրապետության հինգ բուհերում, միայն բակալավիրատ ու մագիստրատուրա նոր ընդունվածների համար: Աշոտյանի խոսքով՝ մի քանի տարի շարունակ իրենց միջամտության շնորհիվ է, որ հնարավոր է եղել խուսափել վարձավճարների բարձրացումից: Աշոտյանի խոսքով՝ այս տարի ընդունվածներն իմացել են ուսման վարձերի բարձրացման մասին:
«Ամեն տարի այս հարցը բարձրացվել է, և մենք իրենց խնդրել ենք, որպեսզի չբարձրացնեն: Ասել, որ կարող է ինչ-որ մեկը կողմ լինել ուսման վարձերի բարձրացմանը, առհասարակ անհեթեթ է, չի կարող բանական մարդը կողմ լինել թանկացումներին»,- ասել է նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ կառավարությունը սոցիալական փաթեթ է մշակել մեղմելու համար ուսման վարձերի բարձրացման հետևանքները:
«Մեր գերագույն նպատակն է, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող վարձի պատճառով բուհից դուրս չմնա, երրորդ ուղղությունը բուհերի բյուջեների ծախսման թափանցիկությունն է, մենք պետք է ձեզ հետ միասին իմանանք, թե բուհերը, որոնք գանձում են ուսանողից ուսման վարձերը, ինչպես են այդ գումարները ծախսում»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, նախատեսվում է, որ «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների համար կգործի 50 տոկոս զեղչ, ավելացվելու են պետության համար գերակա մասնագիտությունների գծով պետպատվերի տեղերը:
«Մենք ունենք մասնագիտական շեղում՝ բոլորն ուզում են դառնալ իրավաբաններ, լեզվաբաններ, բայց դրանք գերակա ճյուղեր չեն»,- նկատեց նա:
Ի դեպ, Աշոտյանի խոսքով, առաջիկայում բուհերում նախատեսվում են կրճատումներ, քանի որ նրա ներկայացմամբ, բուհերի աշխատակազմերն այսօր 10-20 տոկոսով ուռճացված են, ոչ միայն դասախոսական կազմով, այլև սպասարկող անձնակազմի աշխատակիցներով:
«Բուհեր կան, որոնք այսօր շատ ծանր ֆինանսական վիճակում են: Իրենց կողմից ուսման վարձերի թանկացմանը ես ըմբռնումով եմ մոտենում»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Աշոտյանը պատրաստ է լսել ակցիայի մասնակիցներին, բայց նրանք վերև չեն բարձրանում