Ադրբեջանի կողմից  իրականացվող քաղաքականության արդյունքում Ռուսաստանը հայտնվում է «խաղից դուրս» իրավիճակում
Քաղաքական
17:10 13/08/2013

Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում Ռուսաստանը հայտնվում է «խաղից դուրս» իրավիճակում

Ներկայումս Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում Ռուսաստանը հայտնվում է «խաղից դուրս» վիճակում: Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարած այցին` Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Սա Վլադիմիր Պուտինի չորրորդ այցն է Ադրբեջան: Երկու անգամ եղել է պաշտոնական այցելություն, որոնց շրջանակներում ճշտվել են համագործակցության և միջպետական սահմանների վերաբերյալ որոշ հարցեր, այցելություններից մեկը կապված էր Հեյդար Ալիևի մահվան հետ` Վլադիմիր Պուտինը գլխավորում է ՌԴ-ից ժամանած պատվիրակությունը: Այս անգամ Վլադիմիր Պուտինի այցելությունը տեղի է ունենում մի շատ հետաքրքիր ժամանակաշրջանում: Մի կողմից առկա է երկկողմ հարաբերությունների որոշակի, թվացյալ կամ էլ իրական վատթարացում: Այս ամենը պարզորոշ արտահայտվում է և՛ Գաբալայի ՌԼԿ-ի հետ կապված, և՛ մի շարք այլ իրադարձություններում: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ երկու երկրներն ունեն որոշակի համագործակցության եզրեր, որոնք վերաբերում են նավթագազային ոլորտին: Մյուս կողմից առկա են տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված հարցեր: Այս իմաստով ՌԴ-ն փորձում է ևս մեկ անգամ օգտագործել Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով ընձեռնված հնարավորությունները`հատկապես տնտեսական ոլորտում»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:

«Այսօր Ադրբեջանը փորձում է խաղալ շատ ավելի անկախ`հաշվի առնելով այն նավթագազային երթուղիները, որոնք Ադրբեջանը մշակում է դեպի Արևմուտք` Վրաստանի և Թուրքայի միջոցով: Այս առումով Ռուսաստանը հայտնվում է, այսպես ասաց, «խաղից դուրս» վիճակում:

Քննակվելիք հարցերի շրջանակներում ամենայն հավանականությամբ կլինի Կասպից ծովի կարգավիճակի հարցը, սակայն սա ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքմենստանի, Ղազախստանի և Իրանի խնդիրն է:

Այսինքն՝ առկա է քննարկվելիք հարցերի ամբողջական համալիր, սակայն ի՞նչ տրամադրությամբ և ի՞նչ արդյունքներով կընթանան քննարկումները, դժվար է ասել»,- հավելեց բանախոսը:

Քաղաքագետի կարծիքով մեծ է հավանականությունը, որ քննարկվելիք հարցերի շրջանակներում կլինի նաև ԼՂ հիմնահարցը:

«Այս տեսանկյունից սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորումը, որևէ դրական առաջընթացի ակնկալումը անիրատեսական է: Պարզ է, որ ԼՂ հիմնահարցում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները վերջին շրջանում որևէ փոփոխության չեն ենթարկվել»,- ասաց Ա. Մարկարովը:

Նախորդող հրապարակում՝ «Թուրան». Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան

 

Placeholder
Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում Ռուսաստանը հայտնվում է «խաղից դուրս» իրավիճակում