Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապահարզան սրճարանատերերի հետ. Տարոն Մարգարյանն անցել է գործի (տեսանյութ)
Օղակաձև այգու սրճարանատերերը լքում են տարածքը և այս հարցում ասում են մեծ է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրումը:
Թեև բնակիչները կարծում են, որ քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են զբոսայգու տարածքները վերաբաշխել, սակայն մեր ունեցած տեղեկություններով` խնդրին անձամբ հետամուտ է Տարոն Մարգարյանը, ով նպատակ ունի 15-20 տարի առաջ զավթված կանաչ տարածքները վերադարձնել համայնքի բնակիչներին:
Շատերն են հիշում, թե ինչպես 90-ականների վերջին Խանջյանով մեկ ձգվող կանաչ գոտին թաղային հեղինակություններն ու չինովնիկները, համերաշխաբար, կիսեցին իրար մեջ. որպես կանոն Երևանի համայնքային սեփականությունը օտարվում կամ վարձակալության էր տրվում շուկայականից էականորեն ցածր, հաճախ` ծիծաղելի գներով:
Այդ «հաջողակ վարձակալներից» ոմանք, ովքեր իշխանափոխությունից հետո հայտնվեցին լուսանցքում, հետագայում «կանաչների տրցակով» վաճառեցին ձեռք բերած տարածքի շահագործման իրավունքը: Իսկ նրանք, ովքեր մնացին դաշտում և այսօր էլ չեն կորցրել իրենց ազդեցությունը, այնքան բարգավաճեցին, որ 44 կամ 99 տարով ձեռք բերված տարածքի ժամանակավոր շահագործման իրենց իրավունքը վերածեցին ահռելի շենք-շինությունների: Դրանք այնքան անսասան են, որ անգամ այգու միջով անցնող Գետառի հնարավոր վարարումը սպառնալիք չէ: Ուստի դրանցից ձերբազատվելու գործում քաղաքապետին ու քաղաքապետարանին լուրջ հակազդեցություն է սպասվում:
Ասում են՝ քաղաքապետը գործողությունների անցել է ընտրություներից անմիջապես հետո: Նա հրահանգել է վերանայել սրճարանատերերի վարձակալության պայմանագրերը և դրանց իրավական ձևակերպումների մեջ գտնել խոցելի կետեր, որոնք երկարաժամկետ պայմանագրերը վաղաժամ լուծելու հիմք կդառնան:
Արդյունքում, մեր տեղեկություններով, արդեն իսկ լուծման ճանապարհին են Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող «Ջրահարս» և «Անդորր» սրճարանների տարածքների հողահատկացման պայմանագրերը, իսկ պատճառը պայմանագրի կետերը խախտելն է, մասնավորապես` հարակից տարածքների անբարեկարգ լինելն ու շրջակա միջավայրի աղտոտումը: Ենթադրվում է, որ առաջիկայում նշված սրճարանների հետ շահագործման արտոնագրերը չեղյալ կճանաչվեն, գուցե նաև` դատարանի միջոցով:
Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում վարձակալները փորձում են արդյունավետ ելքեր գտնել և, օրինակ, «Ջրահարս» սրճարանի սեփականատերը հայտարարություն է փակցրել այն մասին, որ պատրաստ է իր 30 տարվա շահագործման արտոնագիրը վաճառել 120 000 դոլարով: Սա այն դեպքում, երբ «Կենտրոն» համայնքի կանաչապատման վարչությունն արդեն իսկ սկսել է մաքրազարդել սրճարանների լքված տարածքը:
Մնում է հուսալ, որ քաղաքապետն իսկապես կհաջողի իր նախաձեռնության մեջ և շուրջ 2500քմ տարածքը մի նոր աճուրդով չի փոխանցվի նոր սեփականատիրոջ, և գործող քաղաքապետը մի օր մեծ կամք կդրսևորի ու սրճարանատերերի հետ քաղաքապետարանի ապահարզանից հետո անցում կանի ապօրինաբար զավթված այլ տարածքներին ևս:
Հեղինակ` Սյուզի Բադոյան