Հ. Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի իշխանության կանխատեսելիությունը օգտակար է Հայաստանի համար
Քաղաքական
17:08 19/08/2013

Հ. Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի իշխանության կանխատեսելիությունը օգտակար է Հայաստանի համար

«Կարծում եմ, որ պատճառը միայն այն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացում Ալիևի հետ երկար աշխատանք է տարվել: Որպես պատճառ` կարելի է նաև տեսնել այն հանգամանքը, որ Ալիևի վարչակարգը իսկապես դարձել է Ադրբեջանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը»,- անդրադառնալով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` օգոստոսի 17-ին Ծաղկաձորում «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Այդ բռնատիրական ռեժիմը, որ այսօր կա Ադրբեջանում, փաստացի մեկուսացնում է այդ պետությունը միջազգային հումանիտար և քաղաքական տարբեր գործընթացներից, և Ադրբեջանի մեկուսացումը` որպես բռնատիրական երկիր, օր օրի ավելի ակնհայտ է դառնում»,- նշել է զրուցակիցը:

Նրա խոսքով` ռեսուրսների այն թալանը, որ կա Ադրբեջանում, խանգարում է այդ երկրի զարգացմանը, ինչը բնականաբար, պետք է ձեռնտու լինի հայկական կողմին` հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, թշնամական երկիր , որի հետ գտնվում ենք պատերազմական վիճակում:

Հ. Մելիք-Շահնազարյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունը շատ կանխատեսելի է, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

«Կարծում եմ, որ այս բոլոր հանգամանքներն են, որ դարձել են նախագահ Սերժ Սարգսյանի նման հայտարարության շարժառիթը»,- հավելեց նա:

Նախորդիվ` Սերժ Սարգսյան. Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ ընտրություններում Իլհամ Ալիևը հաղթեր
 

Placeholder
Հ. Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի իշխանության կանխատեսելիությունը օգտակար է Հայաստանի համար