Արտակ Բուդաղյանն այսօր դարձյալ հրավիրվել է հարցաքննության
Իրավունք
10:43 23/08/2013

Արտակ Բուդաղյանն այսօր դարձյալ հրավիրվել է հարցաքննության

Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:

ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:

Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար` օգոստոսի 22-ին տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:

Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:

Այսօր ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:

Placeholder
Արտակ Բուդաղյանն այսօր դարձյալ հրավիրվել է հարցաքննության