«Ոստիկա՞ն ես, թե՞ մլիցա. Ընտրությունը քոնն է». Ակցիան մեկնարկել է
Իրավունք
13:19 27/08/2013

«Ոստիկա՞ն ես, թե՞ մլիցա. Ընտրությունը քոնն է». Ակցիան մեկնարկել է

Նալբանդյան փողոցում` ոստիկանության շենքի դիմացի մայթին, այս պահին հավաքվել են ակտիվիստները: Ինչպես նախապես հայտարարել էին նրանք, ակցիան, ապա՝ դեպի ՀՀ գլխավոր դատախազության երթը, ոստիկանների անօրինական գործողությունների և քաղաքական ռեպրեսիայի պատասխանն է:

«Պահանջը ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է»,- նշել են ակտիվիստները:

«Ոստիկա՞ն ես, թե՞ մլիցա: Ընտրությունը քոնն է», «Քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ» այս ու այլ գրություններով ցուցապաստառներ են բռնել ակցիայի մասնակիցները:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին միացան նաև Արգիշտի Կիվիրյանը, Արթուր Սաքունցը: Վերջինս ասաց, որ ակցիայի մասին իրազեկում է ներկայացրել քաղաքապետարանին ու Երևանի ոստիկանությանը` վերջին օրերեին ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու հետ կապված շտապ հավաք անցկացնելու վերաբերյալ:

Սաքունցն ասաց, որ կես ժամ կմնան ոստիկանության շենքի դիմաց, հանդես կգան ելույթներով, ապա երթով կշարժվեն դատախազություն, կհանձնեն գրավոր պահանջները: Նա հիշեցրեց, որ ոստիկաները պարտավոր են ուղեկցել երթի մասնակիցներին, ապա հորդորեց ակցիայի մասնակիցներին որևէ կոնտակտի մեջ չմտնել ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Սաքունցը նշեց, որ ոստիկանների գործողություններին ոչ մի իրավական գնահատկան չի տրվում, հիշեցրեց, պապաների տղաների մասին, ապա նկատեց, որ ոստիկանությունը նրանց նկատմամբ գործողություններ կատարելու փոխարեն քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ է իրականացնում:

Ակցիային մասնակցող քաղաքացիները նշեցին, որ այսօր Կոմիտաս 5-ում շինարարությունը դադարեցված է, իրավիճակը հանգիստ է:

Հիշենենք, որ ոստիկանները մի քանի քաղաքացիների ոստիկանություն էին տարել հենց այդ հասցեից, որտեղ պայքարում են բազմահարկ շենքի կառուցման դեմ:

Placeholder
«Ոստիկա՞ն ես, թե՞ մլիցա. Ընտրությունը քոնն է». Ակցիան մեկնարկել է