Բեմադրիչ. Լիբանանահայ թատրոնը զարգանում է
Օրվա թեմա
11:32 27/08/2013

Բեմադրիչ. Լիբանանահայ թատրոնը զարգանում է

Լիբանանահայ թատրոնը բարգավաճում է, զարգանում է, շատ աշխույժ թատերական մթնոլորոտ է տիրում այնտեղ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բեյրութի հայկական մի քանի թատերախմբերի բեմադրիչ, գեղարվեստական ղեկավար, 100-ից ավել բեմադրությունների և շուրջ 30 պիեսների հեղինակ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալի ասպետ Ռոբերտ Առաքելյանը:

Ըստ նրա՝ հանդիսատեսի պակաս չունեն, սակայն նույն բեմադրությունը խաղում եմ 7-8 անգամ ու քանդում են դեկորացիաները, քանի որ լիբանանահայ գաղութը փոքր է. «Նման գաղութի համար նորմալ է»: Լիբանանում գործում են մի քանի հայկական թատերախմբեր:

Ռ. Առաքելյանի խոսքով՝ այսօր լիբանանահայերը չեն արտագաղթում, այլ Սիրիայից ներգաղթ է նկատվում, լիբանանահայ թատերախմբերը համալրվում են նոր դերասաններով: «Նույն թատերախումբը ներկայացնում է տարբեր ժանրերի բեմադրություններ, աշխատում ենք այնպիսի մակարդակով բեմադրություններ անել, որ հետ չմնանք հայրենի բեմում ներկայացվող թատերական գործերից»,- ասաց բեմադրիչը:

Նա նշեց, որ իրենք թեև փորձում են հանդիսատեսի շարքերում ներգրավել նաև լիբանանցիների, սակայն միայն լիբանանցի հանդիսատեսի համար չեն խաղում, քանի որ այդ դեպքում կառաջանա արդեն լեզվական խնդիր:

Նշենք, որ Ռ. Առաքելյանը Լիբանանում սկսել է իր թատերական գործունեությունը 1993 թվականից: Մինչ այդ աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում: Այդ շրջանում թատրոնը եղել է արձակուրդում: Նա ընտանիքով տեղափոխվել է Բեյրութ: Բեմադրիչի խոսքով, այնտեղ հասկացել է, որ լիբանանահայերը նոր բեմադրությունների կարիք ունեն ու մնացել է մինչ օրս:

Placeholder
Բեմադրիչ. Լիբանանահայ թատրոնը զարգանում է