Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշնան առաջին ամիսը հագեցած է մշակութային միջոցառումներով: Իսկ սեպտեմբերի վերջին երևանցիներին երաժշտական տոն է սպասվում՝ «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը: Սեպտեմբերի 23-29-ը երաժշտասեր հանրությունը յուրաքանչյուր օր կարող է հաղորդակից լինել երգարվեստի որևէ ուղղվածության հետ՝ ազգային, ռոք, դասական, ջազ, էստրադա: «Երաժշտության շաբաթը Երևանում» ծրագրվում է որպես ամենամյա երաժշտական իրադարձություն Հայաստանի մշակութային կյանքում, որը կբացահայտի մեր երկրի, սփյուռքի և այլ երկրների երաժշտական մշակույթի լավագույն ձեռքբերումները: Ըստ կազմակերպիչների, փառատոնը նշանակալից իրադարձություն է ոչ միայն մայրաքաղաքի համար, որ կգրավի տաղանդավոր և բարձրակարգ երաժշտությունը գնահատողներին, այլև երևույթ է, որը Հայաստանի` որպես բազմադարյան պատմություն, յուրօրինակ քրիստոնեական եկեղեցի և ճանաչված ինքնօրինակ մեծություններ ունեցող երկրի վրա կսևեռի հարյուրավոր երաժշտասերների և զբոսաշրջիկների ուշադրությունն ամբողջ աշխարհից:
Հայտնի շոումեն, հաղորդավար, ռեժիսոր «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի համապրոդյուսեր ու գլխավոր ռեժիսոր Էմիլ Կարատը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնի գաղափարն է մեկ շաբաթում ներկայացնել տարբեր ժանրերի երաժշտություն ու չսահմանափակվել միայն տեղի կատարողներով, մասնակից դարձնել հայ երգիչ-երգչուհիների, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս: «Փառատոնը նաև զբոսաշրջային նշանակություն ունի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով փառատոնի ծրագիրը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն:
Համերգները սկսվելու են թոք-շոուներով՝ «Հարդասենյակում», որը վարելու է հենց Էմիլ Կարատը: «Թոք –շոուն ենթադրում է մտերիմ շփում հանդիսատեսի ու արվեստագետի միջև. հանդիսատեսը կարծես մտնում է նրա հարդասենյակ, որտեղ խոսում են ամեն ինչ մասին»:
«Դա հայ հանդիսատեսի համար նոր ֆորմատ է, հնարավոր է չընդունվի: Բայց գիտենք, որ բոլորն էլ ցանկանում են շատ բան իմանալ երգիչ-երգչուհիների մասին»,- նշեց նա:
Է. Կարատի ներկայացմամբ, փառատոնի ընթացքում լինելու են պրեմիերաներ: «Ժողովրդական երգի օրը ծրագրել էինք Ֆլորա Մարտիրոսյանի համերգը: Արդեն կազմել էինք սցենարը: Ցավոք…»,- ասաց նա: Սեպտեմբերի 24-ին՝ ազգային երաժշտության օրը նախատեսում են հատուկ մաս՝ ի հիշատակ համաժողովրդական սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի: Հատուկ բաժնում ելույթ կունենան երգչուհու կողմից սիրված արտիստները, ընկերները: Համերգի հատուկ հյուրերն են լինելու Ռուբեն Մաթևոսյանը և Օֆելյա Հաբարձումյանը: Սեպտեմբերի 25-ին կայանալու է ռոք համերգ` «Դորիանս» խմբի մասնակցությամբ: Հաջորդ օրը կայանալիք դասական համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ են ունենալու դաշնակահարներ Վազգեն Մանուկյանը և ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Պոլտավցևը: Համերգը նվիրվելու է Ս. Ռախմանինովի 140-ամյակին: Ջազ համերգին ելույթ է ունենալու Մարիամ և «Мирайф» խումբը, հատուկ հյուրերն են լինելու` Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը: Էստրադային համերգին ելույթ է ունենալու Էռնա Յուզբաշյանը, իսկ որպես հյուր համերգին ներկա է լինելու Արթուր Գրիգորյանը: Սեպտեմբերի 29-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու գալա-համերգը, որի ընթացքում հանդես են գալու փառատոնին մասնակցած բոլոր երգիչ-երգչուհիները:
Փառատոնի կարգախոսն է «Քո կյանքի նոր մեղեդին», իսկ գալա-համերգն անցկացվելու է «Երգն էլ ունի հոգի» կարգախոսով: «Գալա-համերգի ընթացքում հնչելու են ուրախ, դրական երգեր: Քնեցնող երգացանկ չի»,- նշեց Էմիլ Կարատը: Գալա-համերգը վարելու են՝ Գայանե Ասլամազյանը և Սիմոն Ղանդիլյանը, Նազենի Հովհաննիսյանը և Արամ Չախոյանը, Էմիլ Կարատը և Լերա Կուդրյավցևան : Փառատոնն ունի հիմն, որը կատարելու են բոլոր մասնակիցները գալա-համերգի ավարտին:
«Ցանկանում ենք, որ փառատոնը լինի ամենամյա: Բայց շատ բան կախված է այս տարվանից, թե ինչպես այն կընդունվի հանիսատեսի կողմից»,-ասաց Էմիլ Կարատը: