Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարը` կարևորը ճիշտ իրականացվող քաղաքականությունն է
Ըստ «Բրիթիշ Պետրոլիումի» կանխատեսումների մոտակա 20 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում էներգիայի սպառման տեմպերը նվազելու են և տարեկան աճը կազմելու է միջինը 1.6%, նախկինում 2.5%-ի փոխարեն: Միաժամանակ ավելի արագ տեմպերով աճում են վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունները, օրինակ 2012թ.-ին նոր կառուցվող հողմաէներգետիկ կայանների հզորությունները աճել են 18.9%-ով, իսկ արևային կայաններինը՝ 43.3%-ով՝ 44 ԳՎտ հողմային և 28.4 ԳՎտ արևային էներգետիկ հզորություններ են կառուցվել ամբողջ աշխարհում: Ներկայումս հողմակայանների գումարային հզորությունները կազմում են 282 ԳՎտ, իսկ արևային կայաններինը՝ 100 ԳՎտ: Նշենք, որ էլեկտրաէներգիայի կառուցվածքում մոտ 18%-ը ստացվում է վերականգնվող էներգետիկայից, որտեղ փոքր հիդրոէներգետիկան ապահովում ՎԷ-ի զգալի մասը՝ մոտ 88%-ը, հողմակայանների և արևային կայանները միասին ապահովում են 6 %-ը, իսկ կենսազանգվածից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմում է 6%: Թեև այսպես կոչված «նոր աղբյուրների»` հողմակայանների և արևային կայանների մասնաբաժինը ներկայումս այնքան էլ մեծ չէ, այն ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կազմում է 1-ից մինչև 1.5%, սակայն աճի միտումները և հեռանկարները ակնհայտ են:
Բազմաթիվ երկրների կառավարություններ որդեգրել են այլընտրանքային էներգետիկայի (այդ թվում վերականգնվող էներգետիկայի, մաքուր և «կանաչ» էներգիաների ստացման, էներգախնա տեխնոլոգիաների) զարգացման քաղաքականություններ, որոնք ընդհանուր առմամբ արդարացնում են իրենց (թեև լինում են նաև ձախողված ծրագրեր): Իսկ ի՞նչն է ստիպում այսօր զարգացնել այլընտրանքային էներգետիկան: Դա հնարավոր էներգետիկ դեֆիցիտն է, նավթի, գազի, ածխի, ուրանի պաշարների սպառման հեռանկարներն են, նավթի և գազի բարձր գները, էլեկտրաէներգիայի գների փոփոխականությունը, որոնք հիմնականում թանկացման միտում ունեն, էներգետիկ հին արտադրական հզորությունների առկայությունն է, որոնք դուրս գրման և նոր հզորություններով փոխարինման ենթակա են:
Միաժամանակ այդ երկրները փորձում են լուծել էներգետիկ կախվածության նվազեցման և անվտանգության ապահովման խնդիրներ: Շրջակա միջավայրի պահպանում, վերականգնվող էներգիայի ստացման ցածր շահագործական ծախսեր (օրինակ արևային պարկի շահագործման դեպքում լրացուցիչ ծախսեր չեն լինի «հումքի» ձեռք բերման համար), ահա սրանք են այն գործոնները, որոնք ստիպում են զարգացնել այս ուղղությունները: Շատ երկրներում հասարակությունը ակտիվորեն աջակցում է այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի իրականացվող քաղաքականությանը, ինչպես օրինակ Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում՝ դրանով ստեղծելով շուկայական բարենպաստ պայմաններ այդ ոլորտների զարգացման համար:
Այլընտրանքային և հատկապես վերականգնվող էներգետիկայի զարգացումը ավելի շուտ խելամիտ և ճիշտ քաղաքականության արդյունք է, քան վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսների ներուժի առկայության արդյունք: Ինչպիսի՞ գործիքներ են անհրաժեշտ այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար, որո՞նք են աջակցության ամենաարդյունավետ ճանապարհները, սրանք հարցեր են, որոնց մի քանի լուծումները կներկայացնենք ստորև, որոնք կիրառվում են միջազգային պրակտիկայում: Օրինակ վերականգնվող էներգետիկայի խթանման միջազգային փորձը հիմնվում է հետևյալ 3 ուղղությունների վրա, որոնք են՝ արտադրության խթանումը, ներդրումների խթանումը և օրենսդրական դաշտի գրավչության ապահովումը:
Արտադրության խթանման միջոցառումներից կարող են հանդիսանալ` հաստատուն (ֆիքսված) սակագների կիրառումը 1 Կվտ.ժ-ի համար, քվոտաների համակարգի ներդնումը՝ երբ երաշխավորվում է էլեկտրաէներգիայի որոշակի քանակի գնում պետության կողմից, տարատեսակ արտոնությունների հաստատումը, գնաճից ապահովագրումը, երբ ֆիքսված սակագները բարձրացվում են գնաճի հետ, տնային տնտեսությունների կողմից արտադրված ՎԷ-ի ավելցուկային էլեկտրաէներգիայի գնումը պետության կողմից (ինչպես օրինակ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում) և նրանց էլեկտրաէներգիայի վաճառքից հարկումներից ազատումը, ինչպես նաև զեղչերի և տարբերակված ճկուն սակագների կիրառումը սպառողների համար:
Ներդրումային խթաններ կարող են հանդիսանալ՝ հարկային արտոնությունները ներդրումների դիմաց անկախ արտադրվող էլեկտրաէներգայի ծավալից, ներդրումների ետգնման փուլում հարկերից ազատումը, ավելացված արժեքի հարկի ազատումը փոքր գեներատորների համար, դրամաշնորհների տրամադրումը, ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը տարբեր կառավարական կամ ոչ կառավարական հիմնադրամների կողմից, այդ հիմնադրամների և բանկերի կողմից արտադրողին տրված վարկերի երաշխավորում պետության կողմից, գեներատորների, պահեստամասերի, սարքավորումների ազատում մաքսատուրքերից և մաքսավճարներից:
Բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորում: «Մեկ կանգառ» համակարգի ներդնում, հնարավորինս նվազեցնելով գործընթացին ներգրավված գործակալությունների քանակը և գործընթացների տևողությունը, հողերի հատկացման կամ սեփականաշնորհման գործընթացների պարզեցում, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենքերի և շինությունների հատկացման կամ կառուցման կանոնավորում և այլն:
Միջազգային փորձում հատկապես կարևորվում է էլեկտրաէներգիայի հաստատուն սակագների կիրառումը, որն ապահովում է կայուն դրամական հոսքեր, ներդրողների համար ստեղծում է ավելի գրավիչ պայմաններ ՎԷ ոլորտում էներգիայի արտադրության այլ ավանդական ճյուղերի համեմատ: Այն ավելի արդյունավետ գործիք է, քան նույնիսկ հաստատուն քվոտաներով (չափաքանակներով) պետության կողմից էլեկտրաէներգիայի ձեռք բերումը, կամ գնաճից ապահովագրումը: Ամենաարդյունավետ գործիքներից են համարվում նաև հարկային արտոնությունները և սարքավորումների ներմուծումը մաքսային վճարներից ազատումը: Պատահական չէ, որ այսպիսի քաղաքականության շնորհիվ հողմային և արևային էներգետիկան արագ աճող և ամենահեռանկարային ուղղություններից են համարվում էներգետիկայում: Նշենք, որ բարենպաստ քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիայի վաճառքին, այլ նաև այդ սարքավորումների արտադրության կազմակերպմանը:
Ամփոփելով նշենք, որ բացի վերականգվող էներգետիկայի զարգացումից Հայաստանի էլեկտրաէներգիայի, ջերմային և տրանսպորտի էներգետիկ պահանջները բավարարելու և էներգետիկայի զարգացման առաջնահերթությունների մեջ են մտնում՝ նոր ատոմակայանի կառուցումը, նոր գազապահեստարանների կառուցումը, Իրան-Հայաստան գազամուղի ազգայնացումը, Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը, Մեղրի, Շնող և Լոռիբերդի միջին հզորության ՀԷԿ-երի կառուցումը, էներգախնայող և ռեսուրսախնայող համակարգերի համատարած գործարկումը: Եվրամիության հետ էներգետիկ համագործակցության խորացումը նույնպես կարևոր նպատակ է: Իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտում շեշտադրումը պետք է դնել առաջին հերթին հողմակայանների կառուցման և տեղական արտադրության արևային ջրատաքացուցիչների կիրառման վրա, ապա արևային ֆոտովոլտայիկ կայանների, արևային կենտրոնացված ջերմային կայանների, ինչու չէ նաև երկրաջերմային կայանների կառուցման վրա: Կարելի է դիտարկել նաև ջերմային պոմպերի և ջրածնային վառելիքով աշխատող սարքավորումների օգտագործումը էներգետիկ նպատակներով (նշենք, որ ջրածնային էներգիայի ստացումը նույնպես ծախսատար և բարդ գործընթաց է): Անհրաժեշտ է խթանել տարբեր տեսակի թափոնների մշակման Waste to energy տեխնոլոգիաների, կենսազանգվածից էներգիայի ստացման և կենսավառելիքի ստացման տեխնոլոգիաների գործարկումը:
Ժամանակի գործոնը հաշվի առնելով, նշենք, որ այդ տեխնոլոգիաները արագ կատարելագործվում են և նորագույն մոդելները ունեն ավելի բարձր հզորության գործակիցները և քիչ ծախսատար են: Օրինակ արևային ֆոտովոլտայիկ կայանների նոր սերնդի սարքավորումների արդյունավետությունը ավելի մեծ է և ետգնման ժամկետը ավելի կարճ է: Այսպիսով մեր երկրի կարևորագույն խնդիրը հնարավորինս անկախ և դիվերսիֆիկացված էներգետիկ հենքի ձևավորումն է, խելամիտ քաղաքականության արդյունքում քայլերը արդարացված կլինեն, իսկ դրական հետևանքները երկար սպասեցնել չեն տա:
Նախորդող նյութեր`
Էներգախնայողությունը ամենամեծ «էներգետիկ ռեսուրսն» է. դիտարկումներ խնայողության և կորուստների մասին
Կենսազանգվածի էներգետիկայի զարգացումը կարևորվում է հատկապես առողջապահության և բնապահպանության տեսանկյունից
Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների մասին
Փոքր հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը պետք է խստորեն պայմանավորված լինի բնապահպանական գործոնների ազդեցությամբ
Տեղական վառելիքահումքային ռեսուրսները չունեն արդյունաբերական նշանակություն էներգետիկայի զարգացման համար
«Բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել. Դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջ
Խնդիրը ոչ թե «Գազպրոմն» է, այլ մեր ռազմավարական մտածողության բացակայությունը