Էրդողանին և աղջկան «նվաստացնող» թուրքական հեռուստաալիքը տուգանվել է
Իրավունք
13:06 29/08/2013

Էրդողանին և աղջկան «նվաստացնող» թուրքական հեռուստաալիքը տուգանվել է

 Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տուգանել է Ազգային հեռուստատեսությանը` վարչապետ Էրդողանին և նրա աղջկան «նվաստացնելու» համար:

Թուրքական «Վաթան» պարբերականի տեղեկացմամբ `Ազգային հեռուստաալիքով հունիսի 17-ին հեռարձակված հաղորդումներից մեկի ժամանակ, որը նվիրված է եղել Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող իրադարձություններին, հաղորդման հյուրը` Թուրքիայի երիտասարդական միության նախագահ Չաղդաշ Ջենգիզը վիրավորանքներ է հնչեցրել Էրդողանի հասցեին` ասելով. «Էրդողանը բռնապետի նման է գործում: Չափ ու սահման չունեցող մարդ է: Փողոցային թափառաշրջիկին սազական արտահայտություններ է անում»:

Նույն հեռուստաալիքով հունիսի 21-ին հեռարձակվող մեկ այլ հաղորդման ժամանակ ներկայացվել է ռեպորտաժ հասարակ քաղաքացիների հետ` Գեզիի դեպքերի վերաբերյալ, որի ընթացքում հարցված քաղաքացիներից մեկը ասել է. «Էրդողանը տարիներ շարունակ նույն սուտն է կրկնում, թե իր աղջիկը գլխաշորի պատճառով է, որ չի կարողացել բարձրագույն կրթություն ստանալ, այնինչ իր 52 միլիոն լիրա աշխատավարձ ստացող աղջիկը նույնիսկ այնքան ուղեղ չունի, որ համալսարանի ընդունելության քննությունը կարողանա հաղթահարի»:

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը, վճռելով, որ Էրդողանի և նրա դստեր հասցեին արված այս արտահատությունները անցնում են քննադատության սահմանը ու ստորացնող բնույթ ունեն, տուգանել է Ազգային հեռուստատեսությանը: Տուգանքի չափը կազմում է 11 հազ 886 թուրքական լիրա:

Placeholder
Էրդողանին և աղջկան «նվաստացնող» թուրքական հեռուստաալիքը տուգանվել է