Գլխավոր դատախազություն. Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Իրավունք
12:55 29/08/2013

Գլխավոր դատախազություն. Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով որոշում է կայացվել նշված դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ նկատի ունենալով, որ պաշտոնում մնալով, տնօրենը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Որոշումն ուղարկվել է Երևանի քաղաքապետին՝ եռօրյա ժամկետում կատարելու համար։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը՝ 2009-2012թթ. ընթացքում թվով վեց աշխատանքային պայմանագրեր է կնքել տարբեր անձանց հետ, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Սակայն աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած նշված անձանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ինչը յուրացման և վատնման եղանակով, ըստ նախաքննության տվյալների, հափշտակվել է տնօրենի կողմից։ Քննությամբ նաև պարզվել է, որ մի քանի դրվագով Սուսաննա Սարգսյանն անձամբ է ստացել այլ անձանց անունով ձևակերպված աշխատավարձերը՝ բանկոմատների միջոցով կանխիկացնելու եղանակով և յուրացրել:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Ս.Սարգսյանին 28.08.2013թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Placeholder
Գլխավոր դատախազություն. Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են