Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռ. Հակոբյան. Ուսման վարձավճարների թանկացման որոշումը պետք է կասեցվի
Բուհերում ուսման վարձավճարների թանկացման որոշումը պետք է կասեցվի, քանի դեռ կառավարությունը խորհրդարանին չի ներկայացրել կրթության ոլորտում բարեփոխումների փաթեթը և չեն ծավալվել խնդրի շուրջ համակողմանի քննարկումներ: Panorama.am-ի զրույցում անդրադառնալով բուհերում ուսման վարձավճարների թանկացման դեմ ուսանողների բողոքին, նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբեն Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ ուսանողները ուսման վարձավճարների թանկացման հետ կապված խորհրդարանում լսումներ կազմակերպելու խնդրանքով դիմել են պատգամավորներին, և ասաց, որ ընդառաջելով այդ խնդրանքին՝ առաջիկայում խնդրին կանդրադառնան հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Որակյալ ուսումը իսկապես թանկ հաճույք է, սակայն սոցիալական այս վիճակում արդյոք ճի՞շտ է վարձավճարների թանկացումը: Հարցը սրանում է: Անպայման կրթությունը պետք է ֆինանսավորվի, բայց անպայման ուսանողի՞ և նրա ընտանիքի՞ գրպանից, թե՞ կան այլ աղբյուրներ: Պետք է ավելի մանրամասն քննարկել խնդիրը խորհրդարանի լսումների ժամանակ, որպեսզի հասկանանք իրական պատկերը: Կարծում եմ ներկա կլինեն և՛ ռեկտորները, և՛ կրթության նախարարը, և՛ ուսանողները: Համակողմանի հարցը կքննարկենք ու առաջարկություն կանենք»,- ասաց պատգամավորը:
Նա համոզմունք հայտնեց, որ որակյալ կրթություն ապահովելու համար անխուսափելի է վարձավճարների թանկացումը, սակայն կան այլ աղբյուրներ, որոնցով հնարավոր է փոխհատուցել կրթության ֆինասավորումը:
Հարցին, թե որո՞նք են այդ աղբյուրները, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Բավական է ստվերային տնտեսության մի փոքր հատված բերել հարկային դաշտ, և կկարողանանք մեր ողջ կրթական համակարգը ֆինանսավորել անհրաժեշտ չափով»:
Նախորդող՝ Կառավարությունը ուսման վճարի վերին շեմ կսահմանի
Աշոտյան. ՀՀ նախագահի կողմից տրվել է հանձնարարական` արագացնել ուսանողների համար նախատեսված սոցիալական փաթեթի ընդունումը
Աշոտյանից պահանջում են կասեցնել ուսման վարձերի բարձրացման որոշումը. Պատասխանը կլինի գրավոր (Տեսանյութ)
Աշոտյան. Բուհերը վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված