Աշոտյան. 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում
Կրթություն, գիտություն
13:41 29/08/2013

Աշոտյան. 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում

Հեռավոր գյուղերում մենք ունենք մանկավարժների պակաս, այնտեղ որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջև: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որին ներկա է եղել նաև ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Արդյունքում ուսուցիչը վարձատրվում է ցածր և չի ունենում սոցիալական խթան, ավելի արդյունավետ աշխատելու: Խնդրի կարգավորումը դպրոցների ու մարզպետարանների գործառույթի շրջանակում է: Իմ պահանջն է, որ վերաբաշխումները կատարվեն ճիշտ ու անաչառ, միակ չափորոշիչը պետք է լինի մանկավարժի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե հարևան-ծանոթ-բարեկամ սկզբունքը»,- ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է նախարարը:

Նրա ներկայացմամբ, միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտության արդյունքներով 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում: Երկրորդ տեղում Ավստրիան է՝ 3 անգամ պակաս ցուցանիշով:

«Մեր դպրոցներում ուռճացված է ինչպես մանկավարժնե րի թիվը, այնպես էլ սպասարկող և վարչական անձնակազմերի թիվը: Խնդրի լուծման համար մենք ունենք երկու ճանապարհ. առաջինը՝ ոչինչ չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, երկրորդը՝ ընտրում ենք լավագույն մասնագետներին, նրանից պահանջում ենք որակ և վճարում ավելի արժանապատիվ»,-ասել է նա:

Աշոտյանի խոսքով, կրթության ոլորտը չի կարող իր վրա սոցիալական մեծ բեռ վերցնել, մեր հիմնական խնդիրը որակի ապահովումն է, իսկ դրան հասնելու համար, ցավոք, ստիպված ենք գնալ նաև ոչ «պոպուլյար» քայլերի:

« Ես, իբրև նախարար դրան պատրաստ եմ»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ 2014-ին նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում:

 

 

Placeholder
Աշոտյան. 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում