Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուսումնական տարվա մեկնարկն աչքի ընկավ ուսանողների բողոքի ակցիաներով, որոնք շարունակվելու միտում ունեն: Սա անակնկալ չէր` հաշվի առնելով ուսման վարձերի բարձրացման հարցում կառավարության մոտեցումը: Թե որքանով է հիմնավորված կառավարության տվյալ որոշումը, բացատրություն տրվել է (այլ հարց է` բավարա՞ր է դա, թե՞ ոչ): Իմ անձնական կարծիքն այս հարցում հանգում է հետևյալին` կրթությունը փող արժե, լավ կրթությունը` թանկ արժե: Ենթադրվում էր, որ այս սկզբունքը հիմք ընդունելով հնարավոր կլիներ մոտեցնել մի կողմից կառավարության հիմնավորումները, մյուս կողմից` ուսանողների կամ նրանց ծնողների դժգոհությունները: Բայց վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ճիշտ ուղուց շեղվել են, պայմանական ասած, թե՛ կրթություն մատուցողները, թե՛ ստացողները. մի կողմից ուսանողների ակցիաներն ու ներկայացվող պահանջները, մյուս կողմից էլ կառավարության ու ոլորտի պատասխանատուների արձագանքները համահունչ չեն հռչակված նպատակներին ու երկարաժամկետ կտրվածքով, իմ կարծիքով, որևէ խնդիր չեն լուծում: Իսկ ո՞րը կլիներ լուծում: Փորձեմ նկարագրել:
Արդեն նշել եմ, որ որակյալ կրթություն մատուցելու համար անհրաժեշտ է ապահովել երեք կարևորագույն սկզբունք. ուսումնական հաստատությունների ինքնուրույնությունը, կրթության 100 տոկոսով վճարովիությունը, խոցելի խավերի համար կրթության մատչելիությունը: Նախորդ նյութում կարճ ներկայացրել էի, թե ինչ նպատակներ են հետապնդում այս սկզբունքները: Փորձեմ առավել մանրամասնել դրանք:
Սկսենք վարձատրությունից: Ցանկացած բուհ տնտեսվարող սուբյեկտ է, որը ծառայություններ է մատուցում: Ինչպես հաշվապահական ընկերությունը, վարսավիրանոցը կամ կոշկակարանոցը, բուհը ևս «արհեստանոց» է, որտեղ «արհեստավորները»` դասախոսները, ծառայություն են մատուցում: Բնականաբար, որքան որակյալ է ծառայությունը, այնքան այն թանկ արժե (օրինակ` արևմտյան բարձրակարգ համալսարաններում տարեկան ուսման վարձը կարող է հասնել մինչև 50 հազար դոլար): Ծիծաղելի կլինի, օրինակ, օգտվել որևէ վարսավիրանոցից և չվճարել դրա դիմաց: Նույնկերպ ծիծաղելի կլինի, եթե ուսումը լինի ձրի: Այն ոչ մի կերպ այդպես չէ, պարզապես սոցիալիստական տիպի հասարակություններում վճարողի դերում հանդես է գալիս պետությունը և առաջանում է «պետպատվեր» հասկացությունը, որը մեզանում մասնակիորեն պահպանվել է (թվում է, թե «ձրիի» ու «պետպատվերի» միջև տարբերություն չկա, բայց այն հսկայական է, որի մասին այստեղ խոսել չարժե): Հետևաբար` լավ կրթություն ստանալու համար, պետք է լավ վճարել:
«Լավ վճար» հասկացությունը չհասկացված կմնա, եթե չգործի առաջին սկզբունքը, այն է` բուհի ինքնուրույնությունը: Յուրաքանչյուր հաստատություն ինքն է որոշում իր մատուցած ծառայության գինը (եթե, իհարկե, խոսքը բնական մենաշնորհի մասին չէ). ցանկացած վարսավիր ինքն է որոշում ինչ գնով կտրել մազեր և մենք շատ հեշտությամբ կարող ենք պարզել, որ Երևանում այսօր կարելի է նույն գլուխը տեսքի բերել սկսած 500 դրամից մինչև մի քանի 100 դոլար: Հիմքում բուհերը ոչնչով չեն տարբերվում վարսավիրանոցներից, հետևաբար այստեղ ևս անհրաժեշտ է լիակատար ինքնուրույնություն: Բուհը ինքը պետք է որոշի, թե ինչ հիմքով ուսանողների ինչ կազմ է հավաքում, ինչ ծրագրերով ու պայմաններով է կրթություն ապահովում և որքան վարձ է դրա դիմաց պահանջում: Այս սկզբունքը մեզանում խախտվում է սկզբից մինչև վերջ. դիմորդներին ընտրելուց մինչև ուսման վարձավճարի չափի սահմանումն ընկած ողջ դիապազոնում բուհերի ղեկավարությունը կաշկանդված է որոշումներ կայացնել:
Նշված երկու սկզբունքների խախտմանը մենք ականատես եղանք ընդամենը օրերս, երբ կառավարությունը հանդես եկավ ուսման վարձերի վերին շեմ սահմանելու նախաձեռնությամբ: Այսկերպ կառավարությունը միանգամից միջամտեց բուհերի գործին` ինքնուրույն որոշում կայացնելով նրանց փոխարեն: Ինչ վերաբերում է նախաձեռնության բովանդակությանը, մանրամասներին չեմ տիրապետում, բայց ենթադրում եմ, որ օրենսդրական նախաձեռնության խնդիրն այն է, որ սահմանվի ինչ-որ իքս թիվ կամ չափորոշիչ, որից բարձր ուսման վարձ չպետք է լինի: Սա գուցե հաճելի է, բայց իմ կարծիքով` ճիշտ չէ: Եվ ահա թե ինչու:
Արդեն գիտենք, որ լավ կրթությունը լավ փող արժե: Հետևաբար, եթե կառավարությունն առավելագույն շեմ է սահմանում, այն նվազեցնում է լավ կրթություն տալու և ստանալու հնարավորությունները: Դիցուք իմ ոլորտում` միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, ժամանակակից աշխարհում լավ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է արտերկրից լրացուցիչ ուժեր ներգրավել: Օրինակ, լավ քաղաքագետներ պատրաստել համար ցանկալի կլիներ, որ հայկական բուհերը ենթադրենք մեկական դասախոսություն ապահովեին օտարերկրյա նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ բարձրակարգ մասնագետների կողմից: Որքանով ես եմ տեղյակ, նման դասախոսությունների արժեքն անցնում է 100 հազար դոլարը` ընդհուպ հասնելով միլիոնի: Եվ երբ կառավարությունը սահմանում է վերին շեմ, արդեն իսկ փակում է այն բանի հնարավորությունը, որ ինչ-որ պահի ինչ-որ լուրջ ու թանկարժեք մասնագետ կայցելի և հայ ուսանողներին գեթ մեկ դասախոսություն կկարդա: Չէ՞որ այդ հրավիրյալ մասնագետի հոնորարը ձևավորվելու էր հենց ուսման վարձերից ստացված եկամուտներից:
Համաձայնեք, որ նվազագույնը զարմանալի կլիներ, եթե կառավարությունը վերին շեմ սահմաներ վարսավիրների համար և անհնար դառնար Հայաստան հրավիրել որևէ հանրահայտ ոճաբանի: Կրթության ոլորտում էլ է նույնը: Նման արգելքներով որակյալ կրթություն չես ապահովի:
Բնական է` շատերի մոտ հարց կառաջանա, բայց չէ՞որ կրթությունը, այն էլ` բարձրագույն, վարսավիրանոց գնալ չէ. այն թանկ է և հասու չէ բոլորին: Իհարկե, դա այդպես է, և պետությունը պետք է հոգ տանի կրթության մատչելիությունն ապահովելու համար: Ըստ որում` ես արդեն նշել եմ, որ «մատչելիությունն» այս դեպքում շատ ավելի լայն է, քան ընկալվում է լայն զանգվածների մոտ:
Առաջին բանը, որ կարող է և պետք է անի պետությունը, դա ինքնուրույն գործող բուհերից ծառայություն գնելն է, այնպես, ինչպես գնում է, ասենք, բուժհաստատություններից: Թե ո՞ւմ համար և ի՞նչ սկզբունքների հիման վրա պետք է կատարվեն գնումները, դա քննարկման հարց է (ենթադրենք` սոցիալապես անապահով ընտանիքների, ազատամարտիկների երեխաները, սահմանամերձ կամ բարձրլեռնային շրջաններից եկած ուսանողները, կամ` Երևանից դուրս գտնվող բուհերում սովորող ուսանողները): Բայց պետությունը չպետք է զեղչի, զիջի, նվիրի. այն պետք է ծառայություն գնի հաստատություններից, ըստ որում` ցանկալի է ոչ միայն իր սեփականություն հանդիսացող հաստատություններից, այլև` մասնավոր բուհերից:
Երկրորդ գործողությունը, որ կարող է անել պետությունը, դա մեզանում առայժմ հախուռն գործող բարեգործությունը կանոնակարգելն է: Պետությունը պետք է նորմատիվ-իրավական դաշտ ստեղծի, որի պայմաններում կբարձրանա մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվության զգացումը կամ առնվազն` բարեգործություն անելը կդառնա ֆինանսապես շահավետ: Արդյունքում մասնավոր հատվածից ևս միջոցներ կուղղվեն խոցելի խմբերի համար կրթության մատչելիությունն ապահովելուն: Մեխանիզմների մասին կարելի է մեկ ամբողջ գիրք գրել:
Նշվածի փոխարեն մենք տեսնում ենք, որ պետությունը մի կողմից սկսում է «զեղչեր» անել, մյուս կողմից` ստիպում է, որ իր հերթին «զեղչ» անի նաև բուհը: Սա սխալ է: Հատկապես սխալ է կոռուպցիոն ռիսկեր ունեցող համակարգում:
Բերեմ օրինակ: Ներկայումս պետության աջակցությունը տրամադրվում է առաջադիմության հիման վրա` ռոտացիոն սկզբունքով: Որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ ռոտացիայի արդյունքում «առաջադիմած» ուսանողը մեկ ուրիշի տեղը զբաղեցրել է սեփական աշխատասիրության, այլ ոչ հայրիկի կապերի շնորհիվ: Եթե ոչ, կնշանակի համակարգը արդյունավետ չէ: Ավելին` փորձը ցույց է տալիս, որ համակարգն այնքան էլ արդար չէ, քանի որ, որպես կանոն, «առաջադիմում» են հենց այն մարդիկ, ովքեր վճարունակ են, իսկ խոցելի խմբերը խոցելի են մնում ոչ միայն ֆինանսապես, այլև` «առաջադիմության» հարցերում:
Հենց նշվածն էլ հաշվի առնելով, կարծում եմ, որ ուսման վարձերի դեմ բողոքող երիտասարդությունը ճիշտ ուղիով չի ընթանում: Որովհետև ուսման վարձերը չթանկացնելը (ինչը և մեծ հաշվով պահանջում են ուսանողները) արդարության խնդիր չի լուծում, ընդհակառակը` խորացնում է անարդարությունը:
Բացատրեմ համեմատությամբ, որը քիչ թե շատ հիմնված է իրական փաստերի վրա: Ենթադրենք, իրավաբանականում կրթությունն արժե 2000 դոլար, իսկ կիրառականում ` 1000 դոլար, ու երկուսում էլ սովորում են 100-ական ուսանողներ: Վերջիններիս տարբերությունն այն է, որ ապագա իրավաբանները, որպես կանոն, վճարունակ ընտանիքներից են, իսկ ահա բնագետները ոչ այնքան: Բայց չգիտես ինչու, պետությունը «պետպատվեր» նախատեսում է թե մեկում, թե մյուսում: Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ, եթե պետությունը ոչ թե «պետպատվերի» տեղ հատկացներ, այլ ինչ-որ մեխանիզմով ուսումնասիրեր և հայտնաբերեր կարիքավոր ուսանողներին ու թիրախային աջակցություն ցուցաբերեր նրանց, թեկուզ` երկու ֆակուլտետներում էլ ուսման վարձը կազմի 5000 դոլար:
Ի վերջո` չի բացառվում, որ կիրառականում էլ մի օր մի դասախոսություն կկարդա որևէ Նոբելյան մրցանակակիր: Կարևորը, որ բուհը դրա համար ֆինանսական միջոցներ ունենա, կարողանա ինքնուրույն դրանք տնօրինել, բայց այդ ամենի արդյունքում իր մատուցած ծառայությունը չկորցնի մատչելիությունը: