Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գագիկ Մակարյան. «Նոյեմբերին, այնուամենայնիվ, Վիլնյուսում կնախաստորագրվի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը»
«Ւմ կարծիքով, Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը դեռ չի նշանակում, որ Հայաստանը չի կարող նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը:
Նրա խոսքերով` նոյեմբերին, այնուամենայնիվ, Վիլնյուսում կնախաստորագրվի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Հայաստանը Եվրոպայի հետ բազմաթիվ աշխատանքներ է տարել, հսկայական հաջողությունների է հասել: «ՀՀ նախագահը պատահական չնշեց, որ Հայաստանը մրցունակության առումով ավելի լավ վիճակում է հայտնվել, և այդ առումով մենք այդ հնարավորությունը չպետք է կորցնենք»,- ասաց Գ.Մակարյանը:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցությանը, ապա, ըստ նրա, Հայաստանը հաշվի է առել ներկայումս քաղաքական և պատերազմական իրավիճակը հարևան երկրների տարածքներում, ինչպես նաև Ադրբեջանի հիստերիկ գործոնները: «Կարծում եմ, որ մեր պետական և քաղաքական անվտանգությունը պահանջում էր այդ քայլը արվեր` Մաքսային միությանը միանալու ցանկությունը արտահայտվեր: Իսկ ցանկությունը արտահայտելով դեռ գործընթաց պետք է սկսվի», - նշեց ՀԳՀՄ-ի նախագահը:
Անդրադառնալով Հայաստանի մրցունակությանը, Գ.Մակարյանը նշեց, որ տնտեսական առումով «կարող ենք շահել կամ դեռևս ոչինչ չկորցնել»: Ըստ նրա` եթե Ռուսաստանի հետ առևտուրը չկանոնակարգվի, միջպետական որոշակի համաձայնագրերով ձեռք չբերենք դեպի Ռուսաստան լրացուցիչ ապրանքներ վաճառելու իրավունք կամ հնարավորություններ, ապա առևտրաշրջանառության ծավալները կմնան նույնը, իսկ եթե առևտրաշրջանառության ծավալները ավելանան, ապա դա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ խնդիրներ կունենանք: «Եվրոպան երբեք չի ասել և չի ասի, որ Հայաստանից այլևս ոչինչ մի գնեք: Նման բան լինել չի կարող: Այսինքն` Մաքսային միության անդամակցությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի խոչընդոտ ներկայումս չի ստեղծում»,- ասաց Գ.Մակարյանը:
Ինչ վերաբերում է դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանմանը, նա նշեց, որ Հայաստանը պետք է այնպիսի ապրանքներ վաճառի Ռուսաստանին, որոնք իրենց արժեքով ավելի բարձր են և կարող են հանգիստ մրցակցել ռուսական շուկայում, մասնավորապես` մետաղներ, պահածոներ, կոնյակ, գինիներ:
Գ.Մակարյանը նշեց նաև, որ Հայաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործող ազգային ստանդարտները (ԳՕՍՏ) հիմնականում նույնն են, ուստի անդամակցության դեպքում ապրանքների որակի չափանիշների փոփոխման անհրաժեշտություն գրեթե չենք ունենա: Իսկ ԵՄ-ի հետ, ըստ նրա, դեռ պետք է աշխատանքներ տարվեն, մասնավորապես` ստանդարտների ներդաշնակեցում և այլն: «Կարծում եմ, որ այդ աշխատանքները մենք շարունակելու ենք և գտնում եմ, որ եվրոպական չափանիշներին հարելը մեզ համար կարևոր է, և Եվրոպայի հետ մեր հարաբերությունները պետք է շարունակել»,- ընդգծեց Գ.Մակարյանը: