Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հ.Աբրահամյան. Ոչ ափալ-թափալ է արվել, ոչ էլ Հայաստանը ինչ-որ մեկի հետևից վազում է
Հերթական անգամ ԱԺ քննարկմանն է ներկայացվում մի նախագիծ, որը քիչ կապ ունի Հայաստանի և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ: Այս մասին ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և առաջարկելով այդուհանդերձ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման շուրջ քննարկում անցկացնել խորհրդարանում.
«Մոսկովյան այդ հայտարարությունը կանգնեցրեց Հայաստանի աշխարհաքաղաքական ճգնաժամի շեմին` մի իրավիճակ, որ նախկինում երբեք նման սրությամբ արտահայտված չի եղել: Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհին, որի վերջում անկախության կորուստն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս ամենը շատ կարևոր ու հրատապ հարցեր են առաջացնում.
«Ես կարծում եմ, որ նույնիսկ ընթացիկ օրակարգի շրջանակներում հնարավոր է հարցը քննարկել և առաջարկում եմ քննարկում անցկացնել: Նաև հրավիրել թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, և նախագահ Սերժ Սարգսյանին որևէ միջազգային պայմանագրի քննարկման շրջանակում, որպեսզի նաև պարզաբանումներ տրվեն Մաքսային միության մասով»,- առաջարկեց ՀԱԿ խմբակցության անդամը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով, սակայն, այնպես չէ, որ ափալ-թափալ է դա արվել կամ Հայաստանը ինչ-որ մեկի հետևից վազում է, ինչպես այդ մասին ասաց Փաշինյանը.
«Ես համոզված եմ, որ այս որոշումը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից և համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ մենք կորցնում ենք մեր իշխանությունն ու անկախությունը: Հակառակը, այսպիսով փորձում ենք լուծում տալ այն խնդիրներին, որ ծառացած են մեր երկրի առջև»,- վստահություն հայտնեց ԱԺ նախագահը: