Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոչ տաք ա, ոչ սառը». Գորիսեցիները՝ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատման մասին
Գորիսյան հայտնի միջադեպի գործով շուրջ 4 ամիս կալանքի տակ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանին ու թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտոնական տեղեկությունը գորիսեցիները կտրականապես հրաժարվում են մեկնաբանել:
Պաշտոնական տեղեկության հրապարակումից հետո սեպտեմբերի 7-ին Գորիսում մի քանի լրագրողներ փորձեցին հետաքրքրվել, թե ինչպես են գորիսեցիները վերաբերում իրենց համաքաղաքացի նախկին մարզպետի որդու ազատ արձակման լուրին, սակայն նրանք կտրականապես որևէ վերաբերմունք չէին հայտնում՝ թռուցիկ որոշ նախադասություններ նետելով ի պատասխան նրանց տրվող հարցերի:
«Կարողա լավ փաստաբան են վարձել, անմեղություն ա ճանաչել, դրա համար էլ ազատել են»,- ասաց Գորիսում գտնվող հարակից Տեղ գյուղի մի բնակիչ՝ նշելով, որ ինքն էլ է լսել, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ինքնապաշտպանության է դիմել:
Գորիսի բենզալցակայաններից մեկի աշխատակիցը կտրուկ էր. «Ես չեմ կարա ասեմ, ես ոչ մի բանից խաբարություն չունեմ»: Հարցին, թե լա՞վ լուր է Խաչատրյանի ազատ արձակման մասին լուրը, նա արձագանքեց. «Չեմ կարա պատասխանեմ էդ հարցին»:
Լրագրողի հարցին, թե վախի մթնոլորտ կա՞ Գորիսում, որ չեն կարողանում ազատ արտահայտվել, բենզալցակայանի աշխատակիցը պատասխանեց. «Ա չէ, ոչ մի մթնոլորտի հարց էլ չկա: Ես Մոսկվայում եմ եղել ու ընդամենը 15 օրա Մոսկվայից վերադարձել եմ: Ոչ մի բանից կուրսի չեմ»:
Հարցին, թե արդա՞ր էր նման որոշումը, մեկ այլ գորիսեցի էլ արձագանքեց. «Իրանք կիմանան, ես չեմ կարա ասեմ»:
Գորիսի ծայրամասում բնակվող ամուսինները առաջին անգամ լրագրողներից էին լսում Սուրիկ Խաչատրյանի որդու ու նրա թիկնապահի ազատ արձակման մասին լուրը: Հարցին՝ վա՞տ լուր էր, թե՞ լավ, կինը պատասխանեց. «Ոչ տաք ա, ոչ սառը»:
Ամուսինն ասաց, որ Խաչատրյաններն իրենց բարեկամները չեն, որ մտածեն նրանց մասին: «Պտի բարեկամդ լինի, որ մտածես իրա մասին: Որպես քաղաքացի մենք չենք առնչվում իրանց հետ: Ոչ մի պրոբլեմ չկա, ինչ կա, էն եմ ասում: Ոչ մի բանից չեմ վախենում, վախենալու բան չունեմ: Շփում չկա, գնալ-գալ չկա, բարեկամություն չկա», -ասաց նա:
Դիտարկմանը, թե Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվել է և այժմ մեղադրյալ է միայն Արտակ Բուդաղյանը, ամուսինը արձագանքեց. «Ա, չգիտեմ, դա մի քիչ անհավատալու բան ա, բայց չգիտեմ, առավոտ գնում ենք, իրիկուն գալիս, դաշտում աշխատում ենք, ոչ մի լուրի մասին էլ չգիտենք»:
Հիշեցնենք` ավելի վաղ ՊՆ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Ըստ այդմ էլ որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նախաքննական մարմինն այս որոշումը կայացրել է Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի ներկայացրած միջնորդության հիման վրա:
Մեկնաբանելով ՊՆ քննչական ծառայության այս որոշումը Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը ասել էր, որ հույս ունի, որ այդ տեղեկատվությունը պարզապես թյուրիմացություն է:
Կարդացեք նաև`
Սյունիքի նախկին մարզպետի որդու և Զ.Նիկողոսյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու որոշում է կայացվել
Հայկ Ալումյան. Շատ կտրուկ քայլեր կլինեն