Կարեն Վարդանյան. «Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում»
Տնտեսություն
11:00 09/09/2013

Կարեն Վարդանյան. «Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում»

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգացնելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) դեռ երկու տարի առաջ ձեռնամուխ է եղել էլեկտրոնային առևտրի ոլորտին վերաբերող խնդիրների բացահայտմանն ու անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումների իրականացմանը: Միությունը մշակել է վերլուծություններ և ներկայացրել ՀՀ կառավարության ուշադրությանը, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

«Հայաստանում էլեկտրոնային առևտուրը մնում է «սառույցի վրա գրված», քանի որ երկու տարի առաջ ներկայացրել ենք, թե ոլորտը զարգացնելու ուղղությամբ ինչ պետք է արվի, սակայն որևէ փոփոխություն, որևէ շարժ չկա»: Panorama-ի թղթակից հետ զրույցում ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքերով` իրենց ներկայացրած առաջարկությունները մի քանի անգամ քննարկվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհուրդում, հիմա էլ այդ թեմայով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կա ինչ-որ նախագիծ:

Ըստ Կ.Վարդանյանի` այն աշխատանքը, որը պետք է արվի ընդամենը երկու ամսում և դա առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, չի արվում: «Սա նշանակում է, որ վարչապետի հանձնարականները ուղղակի չեն կատարվում»,- ասաց Կ.Վարդանյանը` հավելելով, որ վերջին անգամ վարչապետը հանձնարարականներ տվել է երկու ամիս առաջ, բայց նորից ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Ըստ նրա` էլեկտրոնային առևտրի ոլորտն ուսումնասիրելիս առաջին հերթին ի հայտ են գալիս օրենսդրական, հարկային, մաքսային և վճարահաշվարկային համակարգին վերաբերող խնդիրներ: Կ.Վարդնայնաը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել, թե ինչ է էլեկտրոնային առևտուրը, զարգացնել այդ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, ինչպես նաև ուսումնասիրել էլեկտրոնային առևտրի վերաբերյալ միջազգային փաստաթղթերը:

Խոսելով էլեկտրոնային առևտրի ոլորտի խնդիրներից, ԻՏՁՄ գործադիր տնօրենն ասաց, որ Հայաստանն էլեկտրոնային առևտրի իրականացման երեք ուղղության կարիք ունի:

Առաջինը՝ Հայաստանի ներսում առևտուրը, որը կարող է փոխել շրջանների հետ կապը՝ էականորեն մեծացնելով ներքին առևտրի ծավալները: Երկրորդ՝ մտավոր ռեսուրսի արտահանումն է երկրից, այսինքն՝ էլեկտրոնային առևտրի գործիքների ներդրումը թույլ կտա մեր մասնագետներին իրենց ստեղծած պրոդուկտները վաճառել էլեկտրոնային առևտրի ձևով: Երրորդ ուղղությունը ապրանքի ներմուծումն է Հայաստան, որի միջոցով մոնոպոլ շուկաններն արդեն չեն կարող այդ մոնոպոլ վիճակը երկար պահպանեն և գների բալանսավորում տեղի կունենա:

ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը նշեց, որ առևտուրը Հայաստանում օրենսդրորեն բավականին լավ ձևակերպված է, բայց հիմնականում ձևակերպված է ֆիզիկական առևտրի համար, սակայն էլեկտրոնային առևտրի տարբերակը ներմուծման և արտահանման դեպքում այլ սխեմա է պահանջում: Ըստ Կ.Վարդանյանի՝ Հայաստանը մի շարք միջազգային համաձայնագրեր է ստորագրել, որոնք վերաբերում են սուրհանդակային ծառայություններին, բայց Հայաստանում դա չի կիրառվում, մինչդեռ այդ ձևերի կիրառումը զգալիորեն կհեշտացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային առևտրով զբաղվելը:

«Այս ոլորտում խնդիրները բազմաթիվ են, որոնք վերաբերում են տարբեր գերատեսչություններին, պարզապես երկրում որոշումների իրականացում գոյություն չունի: Մեր օրինակը դրա վառ ապացույցն է: Մենք բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք թե կառավարությանը, թե շահագրգիռ գերատեսչություններին, որպեսզի ծանոթանան, թե ինչ է հարկավոր անել, բայց որևէ մեկը շահագրգռված չէ Հայաստանում զարգացնել էլեկտրոնային առևտուրը»,- ասաց Կ.Վարդանյանը:

Նրա խոսքերով` Հայաստանում էլեկտրոնային առևտրի խոչընդոտող խնդիրներից է նաև վճարահաշվարկային համակարգի բացթողումները: Ըստ նրա`այդ համակարգը չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի: «Օրինակ` եթե ArCa համակարգը նորմալ աշխատեր, ապա երկրի ներսում էլեկտրոնային առևտրի հետ կապված խնդիրներ չէր լինի, բայց ցավոք ArCa-ն էլ նորմալ չի աշխատում: Օրինակ` փորձեք ժամը 6-ից հետո զանգել նրանց, քեզ ոչ մեկ չի պատասխանի, մինչդեռ էլեկտրոնային առևտրի պայմաններում աշխատանքը պետք է լինի 24 ժամ, որպեսզի այդ պահին առաջացած խնդիրների դեպքում հարցերդ լուծում ստանան»,- ընդգծեց Կ.Վարդանյանը:

Նա միաժամանակ նշեց, որ թեև վերջին տարիներին Հայաստանում էլեկտրոնային գրագիտության մակարդակը բարձրացել է, բայց դրանից ոչ մի օգուտ չկա: «Ոնց որ կարդալ իմանաս, բայց գիրք չունենաս կարդալու: Այդ վիճակում ենք մենք հիմա գտնվում»,- նշեց նա` հավելելով, որ էլեկտրոնային առևտրից առաջին հերթին պետք է օգտվի բիզնեսը, որպեսզի երկրի տնտեսությունը զարգանա: Եթե ֆիզիկական անձը ebay.com-ից մեկ շալվար է գնում, դա չի նշանակում, որ դրանից մեր երկիրը զարգանում է:

Placeholder
Կարեն Վարդանյան. «Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում»