Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք, ինչպես միշտ, մտածում են միայն առաջիկա հանդիպման մասին: Իսկ վաղը մեր ընտրանին «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալելու է Դանիայի ազգային թիմին, որին արտագնա խաղում պարտության է մատնել 4:0 հաշվով: Դա, իհարկե, չի նշանակում, որ դանիացիներին կարող ենք հեշտությամբ հաղթել: Այդ թիմին միայն հաղթանակ է պետք, որպեսզի կարողանա շարունակել պայքարը երկրորդ տեղի համար, առավել ևս, որ նախավերջին տուրում հանդիպելու է խմբի առաջատարի` Իտալիայի հավաքականի հետ: Հայաստանյան ընտրանուն նույնպես 3 միավոր է անհրաժեշտ:
«Մեր ուշադրության կենտրոնում ոչ թե մրցաշարային գործերն են, այլ վաղվա հանդիպումը: Չեխերի հետ խաղից հետո հնարավորը արել ենք` ֆուտբոլիստներին վերականգնելու և առաջիկա հանդիպմանը նախապատրաստելու համար: Այս պահին հարցականի տակ է Արազ Օզբիլիսի մասնակցությունը, ով սննդի հետ կապված խնդիրների պատճառով ևս մեկ անգամ պետք է հետազոտության ենթարկվի:
Մեր առաջիկա մրցակիցը` Դանիայի թիմը, ինչպես ցույց տվեց նրա վերջին խաղը, խաղաոճը չի փոխել, սակայն նոր քաղաքականություն է որդեգրել` կազմը երիտասարդացնելու նպատակով: Այդ իսկ պատճառով այդ թիմից ոչ մի նոր բան չենք ակնկալում»,- նշեց Վարդան Մինասյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը փաստեց, որ մեր թիմը տնային խաղերում միայն պարտություններ է կրել, սակայն ընդգծեց նաև, որ վատ է խաղացել միայն մալթացիների հետ հանդիպման ընթացքում: Նա, իհարկե, գիտի նման ելույթների պատճառները, սակայն գերադասում է չխոսել այդ մասին` վախենալով, որ շատերը դա կարող են այլ կերպ ընկալել: