ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ. Մենք ընդունում և ճանաչում ենք  ցեղասպանության ժամանակ  հայերի հանդեպ կատարված անարդարությունները
Քաղաքական
14:12 10/09/2013

ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ. Մենք ընդունում և ճանաչում ենք ցեղասպանության ժամանակ հայերի հանդեպ կատարված անարդարությունները

 Ժնևում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) և Հայկական առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկամսյա ցուցահանդես են նախաձեռնել: Այս մասին տեղեկացնում է «Ekklesia» պարբերականը:

Այն նպատակ ունի տրամադրել տեղեկություններ 1915-1923թթ. ընթացքում Օսմանյան կայսրության կողմից մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերի կոտորածի մասին:

Ցուցահանդեսը կշարունակի իր աշխատանքները մինչև սույն թվականի սեպտեմեբրի 30-ը: Նշենք, որ ցուցահանդեսը տեղի է ունենում Ժնևում` «Ecumenical» կենտրոնում հետևյալ խորագրով` «Զի Ես կենդանի եմ, և դուք կենդանի լինելոց էք» (Ղուկ. ԺԴ 19) («Քանի որ ես ապրում եմ, դու նույնպես պետք է ապրես»):

Ցուցահանդեսի բացման ժամանակ Մեսրոպ Վարդապետ Պարսամյանը նշել է, որ բոլորը պետք է իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալը միակ ճանապարհն է, որ համոզված լինենք, որ նման ոճրագործություններ երբեք տեղի չեն ունենա: Պետք է եկեղեցիները, համայնքները և կառավարությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և դատապարտեն այդ իրադարձությունները, որպեսզի ճանապարհ հարթեն անցյալի սպիների ապաքինման համար»,- նշել է վերջինս:

Պարբերականը նշում է, որ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը: Մի շարք պատմաբաններ փաստագրել են, որ այդ ընթացքում Օսմանյան կայսրության կողմից կոտորվել է շուրջ 1.5 միլիոն հայ: Թուրքիան, այնուամենայնիվ, հերքում է, որ հայերի դեմ նախագծված արշավ է եղել:

«Մենք ընդունում և ճանաչում ենք ցեղասպանության ժամանակ քրիստոնյա հայերի հանդեպ կատարված անարդարությունները: Ցավոք, այսքան տարիներ հետո, Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել: Ահա թե ինչու են նման նախաձեռնությունները կարևոր»,-նշել է ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ դոկտոր Իսաբել Ապավո Փիրին:

Placeholder
ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ. Մենք ընդունում և ճանաչում ենք ցեղասպանության ժամանակ հայերի հանդեպ կատարված անարդարությունները