Դավիթ Բաբյան.  Հեռանկարում ՀՀ-ն Արցախին կապող երրորդ ճանապարհի կառուցումն է
Քաղաքական
17:03 10/09/2013

Դավիթ Բաբյան. Հեռանկարում ՀՀ-ն Արցախին կապող երրորդ ճանապարհի կառուցումն է

 Ամերիկացի նորանշանակ համանախագահի տարածաշրջան կատարելիք այցի, ԱՄՆ նախագահի՝ Բաքվին հղած մեսիջի և Հայաստանն արցախի հետ կապող նոր ռազմավարական ճանապարհի կառուցման մասին Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, նախօրեին ամերիկացի նոր համանախագահը պաշտոնական Բաքվին է փոխանցել ԱՄՆ նախագահի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր կողմերի միջև ուղիղ երկխոսության աջակցության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-«Ուղիղ երկխոսություն» հասկացության տակ Արցախում առաջին հերթին հասկանում են բանակցային ձևաչափի -վերականգնում: Երկխոսության հաստատումը առաջին հերթին Արցախի կարգավիճակի վերականգնումն է որպես բանակցային կողմ: Հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումն այս հարցում, հասկանալի է, որ այն բավականին մեծ ժամանակ կպահանջի:

ԱՄՆ նախագահը երկրորդ մեսիջը՝ պատերազմի բացառումն էր, քանի որ եթե կա ուղիղ երկխոսություն, ապա դա նվազագույնը նշանակում է պատերազմական գործողությունների բացառում: Անշուշտ սա ևս մեկ անգամ զգուշացում է Ադրբեջանին առ այն, որ միջազգային հանրության կողմից պատերազմի վերսկսումն անթույլատրելի է:

-Որոշ ժամանակ առաջ տեղեկություն տարածվեց Արցախը Հայաստանին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման մասին: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները և ինչ խնդիր է դրանով լուծվելու:

Հայաստանն ու Արցախը միմյանց կապող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ակտիվ փուլում են: Առաջիկա հեռուստամարաթոնից հետո, դրանք առավել կակտիվանան: Ներկայումս իրականացվող աշխատանքները ֆինանսավորվում են Արցախի ու Հայաստանի պետբյուջեից:

Տրանսպորտային անվտանգությունը, Արցախի անվտանգության կարևոր բաղադրիչներից է: Իհարկե Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը գործում է, սակայն խնդիր կա այն հիմնանորոգելու ու ժամանակակից մայրուղու վերածելու համար: Այս ամենից զատ, առկա ճանապարհները չեն կարողանում լիարժեք բավարարել Արցախ-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հոսքը:

Հեռանկարում է Հայաստանն Արցախին կապող երրորդ ռազմավարական ճանապարհի կառուցումը երկու հանրապետությունների հարավային հատվածների միջև: Ճանապարհների կառուցումը նոր լիցք կհաղորդի այդ շրջանների տնտեսական աշխուժությանը, ինչպես նաև՝ հնարավորություն կտա ամրապնդել Արցախի անվտանգությունը»:

Placeholder
Դավիթ Բաբյան. Հեռանկարում ՀՀ-ն Արցախին կապող երրորդ ճանապարհի կառուցումն է