«Ես ստորագրել եմ որպես անհատ պատգամավոր». ԱԺ պատգամավորները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
Քաղաքական
15:11 10/09/2013

«Ես ստորագրել եմ որպես անհատ պատգամավոր». ԱԺ պատգամավորները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին

 «Ես ստորագրել եմ այս հայտարարության տակ որպես անհատ պատգամավոր, և իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- Panorama.an-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` անդադառնալով ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարությանը, որտեղ կոչ են անում ազատ արձակել  Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

Նրա խոսքերով` ինքը ծանոթ է գործի մանրամասներին, ծանոթ է ապացուցողական բազային, որն ուղղակիորեն բավականաչափ թույլ է: «Ըստ էության ապացուցողական բազա գոյություն չունի, և կարծում եմ, որ Տիգրան Առաքելյանը օր առաջ պետք է լինի ազատության մեջ»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին իր թիվ 1900 բանաձեւում ամրագրել է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու չափորոշիչները: Բանաձեւի 5-րդ կետն ուղղված է ԵԽ անդամ պետությունենրին, ուր ասվում է ` «Վեհաժողովը ԵԽ անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին կոչ է անում վերոհիշյալ չափանիշներին համապատասխան վերագնահատել քաղաքական բանտարկյալ դիտվող անձանց գործերը եւ ազատել նման բանտարկյալներին, կամ` պատշաճորեն վերաքննել նրանց գործերը»:

Համաձայն Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների, Տիգրան Առաքելյանի գործը մի քանի չափորոշիչներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված սահմանմանը: Տիգրան Առաքելյանի խնդրին անդրադարձ եղել թե ԵԽ նախարարների կոմիտեյի շրջանառվող, թե` ԱՄՆ պետքարտուղարության` Մարդու իրավունքների 2012 թվականի զեկույցում, ինչը վնասում է Հայաստանի միջազգայն հեղինակությանն ու ժողովրդավարական վարկին:

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձեւի ոգուն եւ տարրին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաեւ`վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբիկ Հակոբյան

«Հայ ազգային Կոնգրես» խմբակցությունից` Լեւոն Զուրաբյան

ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյան»

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը կրկին ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:

Հիշեցնենք` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012-ի նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները, որով պահանջվում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Սակայն Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը:

Նշենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Կարդացեք նաև`

Տիգրան Առաքելյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը մեկնարկեց Առաքելյանի ու դատավորի միջև անհամաձայնությամբ
 

Placeholder
«Ես ստորագրել եմ որպես անհատ պատգամավոր». ԱԺ պատգամավորները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին