Մթերումների դիմաց վճարումները հիմնականում կատարվել են. Ռոբերտ Մակարյան
Հասարակություն
09:05 19/09/2013

Մթերումների դիմաց վճարումները հիմնականում կատարվել են. Ռոբերտ Մակարյան

Այս տարի վերամշակող ընկերությունների կողմից իրականացված մթերումների դիմաց վճարումները հիմնականում կատարվել են: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Մասնավորապես, ըստ նրա, ծիրանի մթերման դիմաց, ընդհանուր առմամբ, վճարվել է 950 մլն դրամ, մնացել է վճարել միայն 10.2 մլն դրամ:

Ռ.Մակարյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը բոլոր գործարաններին ուղարկել է շրջաբերականներ, որպեսզի այսուհետ իրականացվող մթերումների դիմաց վճարումները կատարվեն տեղում` կանխիկ:

«ՀՀ նախագահը սեպտեմբերի 13-ին նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ նույնպես հանձնարարել է, որ գյուղացիների բերքի դիմաց վճարումները կատարվեն անմիջապես»,- ասաց նա:

Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ ներկայումս գյուղատնտեսության նախարարությունը մոնիթորիգ է անցկացնում` պարզելու, թե պտուղ-բանջարեղենի մթերման դիմաց վճարումները ինչ փուլում են գտնվում:

Ռ.Մակարյանը վստահեցրեց, որ կոնկրետ բանջարեղենի մասով պարտքեր չկան, իսկ եթե լինեն էլ, ապա դրանք բավականին քիչ են:

Փոխնախարարը հայտնեց, որ մոնիթորինգի արդյունքները պարզ կդառնան մի քանի օրից: Նա խոստացավ, որ դրանց մասին լրացուցիչ կտեղեկացնի:

Նշվեց նաև, որ մթերումները, մասնավորապես, խաղողի մթերումը այժմ ինտենսիվորեն շարունակվում է:

Placeholder
Մթերումների դիմաց վճարումները հիմնականում կատարվել են. Ռոբերտ Մակարյան