Է. Հովհաննիսյան. Արկածախնդրությունը վտանգավոր հետևանքների կհանգեցնի
Քաղաքական
16:06 19/09/2013

Է. Հովհաննիսյան. Արկածախնդրությունը վտանգավոր հետևանքների կհանգեցնի

 «Ադրբեջանը ոչ միայն հայտարարում է պատերազմի չավարտված լինելու մասին՝ ակնարկելով ռազմական գործողությունների վերսկսման մասին, այլ երկրի նախագահի մակարդակով խոսում է այլ պետության տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու մասին: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը համապատասխան եզրակացությունների կանի»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարությունները, ասաց փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, իբր կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի ոչ միայն Ստեփանակերտում և Շուշիում, այլ նաև Ադրբեջանի պատմական հայրենիքում՝ Երևանում, Զանգեզուրում: Իսկ դրանից առաջ, ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, որ քանի պատերազմը չի ավարտվել, դիպուկահարներին առաջնային գծից դուրս չեն բերի:

Է. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ժամանակին Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյն էր խոսում Սևանում լողանալու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում պոռոտախոսությունը կարծես ավանդույթ է դարձել:

Փորձագետը նաև ասաց, որ մի բան է երազանք ունենալն ու այդ մասին հայտարարելը, մեկ այլ բան՝ դրանք իրականություն դարձնել. Իսկ սա, անխոս, անհնար է:

«Եթե Ադրբեջանն ինչպես ինքն է պնդում՝ տարածաշրջանի առաջատարն է և ի զորու է լուծել իր խնդիրները, ապա նա վաղուց պատերազմ սանձազերծած կլիներ: Բանակցային գործընթացը դեռ ընթացքի մեջ է, իսկ ով այդ ընթացքում արկածախնդրության դիմի՝ այն վտանգավոր հետևանքների կհանգեցնի»,- հավելեց Է Հովհաննիսյանը:

Placeholder
Է. Հովհաննիսյան. Արկածախնդրությունը վտանգավոր հետևանքների կհանգեցնի