Կ. Աճեմյան. Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը
Հասարակություն
12:47 19/09/2013

Կ. Աճեմյան. Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Նախիջևանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պատրաստվում է ուսումնասիրել ու գնահատել 1990-ականներից ի վեր, Հայաստանի կողմից հասցված վնասը: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

«Այդ ու Ադրբեջանում մինչև այժմ ստեղծված նմանատիպ հանձնաժողովների միակ նպատակը պատմական իրողությունների խեղաթյուրումն է և ճշմարտության քողարկումը»,- նշեց պատգամավորը:

Աճեմյանն ասաց, որ այլ բան պետք չէ սպասել մի երկրից, ով բողոքում է իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներից ու բողոքում իր հարևանից մի բանից, որի իրական մեղավորը հենց ինքն է:

«Միջազգային հանրությունը դեռ չի «մարսել» այն ամենը ինչ տեղի ունեցավ Նախիջևանում, Նոր Ջուղայի պատմական գերեզմանում, երբ մի քանի օրվա ընթացքում, ադրբեջանցիները պղծեցին ու գետնին հավասարեցրեցին պատմական հուշակոթողները: Ու դեռ այսքանից հետո Ադրբեջանում խոսում են պատերազմի հետևանքների ու կորուստների մասին:

Մեր եվրոպացի գործընկերները մասնավոր զրույցներում մշտապես նշում են, որ այն ինչ տեղի ունեցավ Նախիջևանում, ավելին է քան բարբարոսությունը: Այդ ոչնչացման կադրերը ֆիքսվել են նաև տեսախցիկներով, սակայն ցավոք պետք է նշել, որ Ադրբեջանի այդ անմարդկային արարքը միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների համարժեք արձագանքին չհանգեցրեց»,- նշեց Կ. Աճեմյանը:

Նրա տեղեկացմամբ, արտասահման մեկնող հայկական պատվիրակությունները ցանկացած պատեհ առիթով բարձրաձայնում են վանդալիզմի այդ դրսևորման մասին, ներկայացնում այն իրական փաստերը, ինչն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոծկել:

Placeholder
Կ. Աճեմյան. Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը