ՅՈՒՆԵՍԿՕ. Եգիպտոսի ազգային թանգարանից հարյուրավոր ցուցանմուշներ են անհետացել
Մշակույթ
12:37 19/09/2013

ՅՈՒՆԵՍԿՕ. Եգիպտոսի ազգային թանգարանից հարյուրավոր ցուցանմուշներ են անհետացել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների խումբը հաստատել է, որ Եգիպտոսում օգոստոսյան անկարգությունների ժամանակ թալանվել է Ալ Մինյա քաղաքի Մալավիի ազգային թանգարանը: Թանգարանից անհետացել են շատ ցուցանմուշներ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Թանգարանի շենքը շատ չի վնասվել, սակայն 1080 արտեֆագներից 600-ն անհետացել է»,-ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Եգիպտոսում հետազոտություն էր անցկացրել սեպտեմբերի 11-16-ը, այցելել Ալ-Մինյայի ավետարանական եկեղեցին, Ամիր Թադրոսի վանք և Բենի Սուեֆում գտնվող ֆրանսիական գթության քույրերի դպրոց, որոնք նույնպես տուժել էին անկարգությունների պատճառով: Անվտանգությունից ելնելով` միջազգային առաքելությունը չի կարողացել դիտարկել տարածաշրջանում գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ:

Առաքելությունը Եգիպտոս էր ուղևորվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովայի` Մալավիի թանգարանի թալանման վերաբերյալ հայտարարությունից հետո:

«Սա անդառնալի վնաս է եգիպտացի ժողովրդի պատմության և ինքնության համար»,-նշել է Բոկովան` պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն ցուցաբերել և գործընկեր կազմակերպություններին մոբիլիզացնել` Եգիպտոսի մշակութային ժառանգությունը վերականգնելու համար:

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ. Եգիպտոսի ազգային թանգարանից հարյուրավոր ցուցանմուշներ են անհետացել