Գյումրիում բացվեց երաժշտական դպրոց. ՀՀ նախագահն ու Իեն Գիլանը ներկա էին բացման արարողությանը
Մշակույթ
12:12 20/09/2013

Գյումրիում բացվեց երաժշտական դպրոց. ՀՀ նախագահն ու Իեն Գիլանը ներկա էին բացման արարողությանը

Գյումրու կրթօջախների թիվն ավելացավ ևս մեկով. այսօր առավոտյան վերաբացվեց Գյումրու հայտնի` Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դպրոցը հիմնադրվել է դեռևս 1976թ-ին, սակայն աղետալի երկրաշարժից հետո գյումրեցի փոքրիկները երաժշտական հմտություններին ստիպված էէին ծանոթացել տնակային պայմաններում: Ու թեև նման  պայմանները այնքան էլ չեն տրամադրում արվեստի նկատմամբ, այդուհադերձ անցած տարիների ընթացքում դպրոցը տվել է 1100 շրջանավարտ... Մինչև 2009թ-ին «Մեդիամաքս» ՓԲԸ հրավերով Հայաստան ժամանած համաշխարհային ռոք-երաժիշտներ Իեն Գիլանը Deep Purple-ից, Թոնի Այոմին Black Sabath-ից,Ջեֆ Դաունսը Yes/Asia-ից, ինչպես նաև Do Something կազմակերպության նախագահ Ջոն Դին, լսելով դպրոցի սաներին, պատրաստակամություն հայտնեցին օգնել կառուցել դպրոցի շենքը: Արդյունքում էլ Հայ Օգնության Ֆոնդը, «Մեդիամաքսը» և Do Something կազմակերպությունը հուշագիր ստորագրեցին:

Օրհնման արարողությունից հետո այսօր նախագահ Սարգսյանը շրջեց դպրոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Դպրոցի տնօրենը նախագահին տեղեկացրեց, որ դպրոցը նախատեսված է 250 աշակերտի համար,  գործում են դաշնամուրային, լարային, ժողնվագարանների, ձայնի պահպանման և մշակման բաժիններ:

Նշենք, որ 2009-10թթ-ին դպրոցին երաժշտական գործիքներ են նվիրել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, ինչպես նաև Իեն Գիլանը, ով այսօր դարձյալ Գյումրիում էր: Ու դարձյալ հիանում դպրոցի սաների երաժշտական կատարմամբ` նախագահի շրջայցից հետո դպրոցի բակում բարձրաստիճան հյուրերի համար երեխաները հանդես եկան համերգով:

Աշխատանքային այցով Շիրակում գտնվող երկրի ղեկավարը դպրոցից հետո այցելեց «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի և դրա շրջանակներում անցկացվող ԱՊՀ երկրների «Արտ էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդես, որը տեղակայված է Գյումրու կենտրոնում:

Placeholder
Գյումրիում բացվեց երաժշտական դպրոց. ՀՀ նախագահն ու Իեն Գիլանը ներկա էին բացման արարողությանը