Ո՞վ է «Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակը
Մշակույթ
16:00 24/09/2013

Ո՞վ է «Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակը

««Հայրիկ» ֆիլմում հնչող «Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակը Աղասի Այվազյանն է: Գրվել է հատուկ այդ ֆիլմի համար: Տեքստի վրա մեկ-երկու բառի աշխատանք կատարել է երգիչը՝ Հայրիկ Մուրադյանը: Բնագրի հեղինակը Աղասի Այվազյանն է: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին պատիվ չի բերում յուրացնել Աղասի Այվազյանի ստեղծագործությունը»,- ասուլիսում այս մասին ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը:

Նշենք, որ այժմ երգի և խոսքերի, և երաժշտության հեղինակ նշվում է որպես Ռոբերտ Ամիրխանյանը: Ասուլիսին ներկա այվազյանագետ Անի Փաշայանը նշեց, որ Ա. Այվազյանի կենդանության օրոք դեռ չէր գրվում, թե ովքեր են հեղինակները:

Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդյանը, նշեց, որ ինքը դիմել է «Հայ հեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության, պարզվել է, որ Ռ. Ամիրխանյանը 1982 թ. նախ երաժշտությունը, ապա նաև խոսքերն է իր անունով գրանցել: «Ռոբերտ Ամիրխանյանը բանաստեղծություն չունի, Աղասի Այվազյանի բոլոր պիեսներում կան բանաստեղծություններ»,- ընդգծեց Գ. Վերդյանը:

Panorama.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ամիրխանյանն իր հերթին ասաց. «Աղասի Այվազյանը առհասարակ որևէ բանաստեղծություն գրած չունի: Ես Աղասի Այվազյանի հետ որևէ կոնտակտի մեջ չեմ եղել: Ինչպե՞ս նա վերցրեց ու գրեց իմ երաժշտության վրա ստեղծագործություն: Նրանք խեղաթյուրում են փաստերը, այլապես թող ներկայացնեն ապացույցներ: Երգի վերջին տողը՝ «Ես մի զարկն եմ քո բազկի» ավելացրել է Ռազմիկ Դավոյանը»: Ռ. Ամիրխանյանի խոսքով, դեռևս 1973 թվականին է գրանցվել հեղինակային իր իրավունքը. «Կենդանության օրոք Աղասի Այվազյանը որևէ նման հայտարարություն չի արել»:

Լ. Մութաֆյանի ներկայացմամբ, ըստ հեղինակային իրավունքի գրանցման կանոնակարգի, ստեղծագործությունը կատարելուց հետո երկու հեղինակները հայտ են ներկայացնում: «Հայրիկ» ֆիլմի համար երաժշտության հեղինակային իրավունքը պատկանել է սցենարի հեղինակին, բեմադրիչ Հենրիկ Մալյանին, կոմպոզիտորին: Բոլոր տեքստերը պատկանում են Աղասի Այվազյանին: «Հետագայում Ռոբերտ Ամիրխանյանը իր երաժշտությունն առանձնացել է ֆիլմից ու գրանցել առանձին ստեղծագործություն: Դա իր իրավունքն է: Ինչ վերաբերում է տեսքտին, եթե Աղասի Այվազյանը կենդանի լիներ կդիմեին իրեն՝ պարզելու, թե ով է բանաստեղծության հեղինակը: Այնտեղ էլ երևի չեն իմացել, թյուրիամցություն է եղել և այդուհետ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարել է, թե ինքն է գրել նաև բառերը»,- մանրամասն ներկայացրեց Լ. Մութաֆյանը:

Գրետա Վերդյանն ասաց, որ ինքը դիմելու է դատարան՝ պաշտպանելով իր ամուսնու պատիվը, իսկ Ռ. Ամիխանյանն էլ նշեց, որ Հայաստանում իր անձը վարկաբեկելու ուղղությամբ հզոր շարժում է գնում, այս քայլն էլ հենց այդ շարժման համատեքստում է:

Placeholder
Ո՞վ է «Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակը