Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանագետ. ԻԻՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների կարգավորման լավատեսությունը պահպանվում է
Այս տարվա սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրենց ելույթներն են հնչեցրել ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի նախագահները: Այդ ելույթների նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ էր՝ հաշվի առնելով երկու նախագահների՝ համեմատաբար դրական տրամադրվածությունն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: Հիշյալ ելույթներից ստացված տպավորությունների շուրջ panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
-Կանխատեսելի՞ էին ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի նախագահների ելույթներում հնչած մտքերը, և արդյո՞ք դրանցում տեղ են գտել նորույթ պարունակող շեշտադրումներ:
-Հետևելով երկու նախագահների ելույթներին՝ կարելի է արձանագրել, որ դրանք բավականաչափ հավասարակշռված էին՝ զերծ ագրեսիվ հռետորաբանությունից: ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի նախագահների հայտարարություններում միմյանց վերաբերող մտքերը գուցե կարելի է «նոր երևույթ» որակել երկու պետությունների աշխարհաքաղաքական ընկալումներում, բայց ոչ բնավ անկանխատեսելի: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ Բ. Օբաման և Հ. Ռոհանին իրենց առջև խնդիր էին դրել փոխհարաբերություններում առկա խնդիրները լուծել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Ըստ ամենայնի՝ առաջնային նպատակը ԻԻՀ-ԱՄՆ փոխհարաբերություններում առկա «սառույցը» կոտրելն է եղել, որը որոշ վերապահումներով կարելի է հաջողած համարել: Իրենց ելույթների միջոցով նախագահները միմյանց ուղղված հաղորդագրություններ են հղել, որոնք փոխադարձ համապատասխան արձագանքի արժանանալու դեպքում կարող են առաջիկայում կառուցողական համագործակցության հիմք հանդիսանալ: ԱՄՆ-ի նախագահի կարևորագույն ուղերձն այն էր, որ Սպիտակ տունը պատրաստ է Իրանի հետ սկսել երկխոսություն՝ իսպառ չժխտելով իրանական պետության՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքը: Հ. Ռոհանին, իր հերթին, Արևմուտքի հետ երկխոսություն ծավալելուն ընդառաջ քայլ կատարեց և ուղղակի մեղադրանքներ ու սպառնալիքներ որևէ երկրի հասցեին, այդ թվում՝ Իսրայելի, չհնչեցրեց: Դա, թերևս, փոխադարձ վստահություն ձեռք բերելու նախնական քայլերից է: Կարևոր եմ համարում նաև, որ Հ. Ռոհանին կարողացավ կոտրել այն կարծրատիպը, ըստ որի՝ ԻԻՀ-ի կառավարությունը և նախագահը չեն կարող Իրանի նոր արտաքին քաղաքականության դրոշակակիր դառնալ, առավել ևս, եթե այդ նոր քաղաքականությունը վերաբերում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերություններին: Նման մտածելակերպը կարող էր դեպի փակուղի տանել գործընթացները՝ Իրանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ բոլոր փոփոխություններն ու տեղաշարժերը բացառապես պայմանավորելով գերագույն հոգևոր առաջնորդի գործողություններով: Չմոռանանք, որ գերագույն հոգևոր առաջնորդը ցմահ է պաշտոնավարում և կարող է ունենալ չփոփոխվող սկզբունքներ, այնինչ երկրի նախագահը կարող է թարմություն մտցնել որոշ մոտեցումներում և ուղղություններում:
-Դուք նշեցիք, որ որոշ վերապահումներով է հաջողվել կոտրել ԻԻՀ-ԱՄՆ փոխհարաբերություններում առկա սառույցը: Ինչպե՞ս դա կբացատրեք:
-Նախքան իրանական պատվիրակության Նյու Յորք մեկնելը խիստ հավանական էր համարվում նախագահներ Հ. Ռոհանիի և Բ. Օբամայի միջև հանդիպումը, որը հիրավի շատ կարևոր քայլ կլիներ Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ: Սակայն երկու նախագահների միջև հավանական հանդիպման լավատեսությունը որոշակիորեն խամրեց այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ խոսնակ Մարզիյե Աֆխամը հայտարարեց այն մասին, որ նախագահ Հ. Ռոհանիի աշխատանքային այցի օրակարգում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի հետ: Այնուհետև դրան հետևեցին Բ. Օբամայի և Հ. Ռոհանիի ելույթները, որոնցից հստակ երևաց, որ երկկողմ բանակցություններ ծավալելու ուղղությամբ որևէ նախնական պայմանավորվածություն ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի նախագահների միջև չի եղել: Ուստի կարելի է ենթադրել, որ հավանական հանդիպման կապակցությամբ նախապես տարածված խոսակցությունները նախ և առաջ հետապնդել են քարոզչական նպատակներ՝ ցույց տալու, որ ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում «փակ չեն դռները» խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու համար: Չի բացառվում, որ այս փուլում, երբ օրակարգում թիվ մեկ խնդիրը Սիրիայի հիմնահարցն է, կողմերը համակողմանիորեն պատրաստված չլինեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին կամ գուցե նախագահների հանդիպմանը խոչընդոտ են հանդիսացել իրենց երկրներում առկա որոշակի շրջանակների բացասական տրամադրությունները երկու երկրների փոխհարաբերությունները կարգավորելու հարցում: Չնայած այդ ամենին՝ չի կարելի ասել, որ Ռոհանի-Օբամա հանդիպումն առաջիկայում այլևս անհնար է, համապատասխան պայմանների առկայության դեպքում այն անպայմանորեն տեղի կունենա: