Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հիմնական գործառույթները ռազմական գործողությունների չվերսկսման ապահովումն է»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նախօրեին Նյու-Յորքում համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
Հայտարարության համաձայն, նախարարները և համանախագահները շարունակել են քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։
Համանախագահները վերահաստատել են իրենց երկրների հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին հիման վրա:
Հայտարարության մեջ հղում է արվում նաև եռանախագահող երկրների նախագահների 2013 թ-ի հունիսի 18-ի համատեղ հայտարարությանը, որում կողմերին առանձնակի կոչ էր արվում «զերծ մնալ այնպիսի գործողություններից և քայլերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում և սրել հակամարտությունը»:
«Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը համանախագահների հետ շարունակել աշխատանքներն հակամարտության խաղաղ կարգավորմանն հասնելու նպատակով: Սպասվում է, որ նրանք նոյեմբերին կայցելեն տարածաշրջան նախագահների հետ քննարկելու մինչ տարվա վերջ ծրագրված գագաթաժողովի անցկացման հետ կապված հարցեր», - ասված է հայտարարության մեջ:
Վերոնշյալ հայտարարության, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:
Սերգեյ Մինասյանի կարծիքով այս և նմանանապտիպ այլ հայտարարությունների հիմնական նպատակը ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելումն է:
«Հայտարարությունը սպասված էր և տրամաբանական: Հասկանալի է, որ համանախագահների հիմնական գործառույթները ռազմական գործողությունների չվերսկսման ապահովումն է, նույնիսկ այն պարագայում, երբ տեսանելի ապագայում խաղաղ կարգավորման գորընթացում որևէ առաջընթաց ակնակելը իրատեսական չէ:
Արդեն երկու տասնամյակ ռազմական գործողությունները չեն վերսկսվում և դա միանշնակ կարելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքբերում»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Բանախոսի կարծիքով` տարածաշրջանում լարվածության աճին և հակամարտության սրմանը նպաստող գործողություններից զերծ մնալու կոչը նախևառաջ ուղղված էր ադրբեջանական կողմին:
«Բոլորին, այդ թվում նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին հասկանալի է, թե հակամարտության որ կողմն է մշտապես հանդես գալիս սպառնալիքներով և ռազմական հռետորաբանությամբ լի հայտարարություններով , ինչպես նաև շփման գծում լարվածություն սերմանելով, փորձում է ազգել բանակցային գործընթացի ընթացքի վրա»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան այցելելու և նախագահների հետ մինչ տարվա վերջ ծրագրված գագաթաժողովի անցկացման հետ կապված հարցեր քննարկելու մտադրությանը, ապա այն, ըստ քաղաքագետի, նույնպես տրամաբանական է:
«Համանախագահները տեսնում են, որ երկու նախագահները վերջին անգամ հանդիպել են գրեթե երկու տարի առաջ, հետևաբար փորձ է արվում ստեղծել ինչ-որ նոր ձևաչափ, որի շրջանակներում հնարավոր կլինի նախագահներին նստեցել բանակցային սեղանի շուրջ: Եթե նույնիսկ հնարարավոր չլինի առաջ տանել բանակցային գործընթացը, ապա գոնե հնարավորություն կնձեռնվի պայմանավորվել շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննության, ինչպես նաև ռազմական հռետորաբանության նվազեցման հարցերի շուրջ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Իր հերթին Ալեքսանդր Մարկարովի կարծիքով նմանատիպ հանդիպումները կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման գործում:
«Բոլոր կողմերի մոտ մշտապես առկա է եղել այն ընկալումը, որ անհրաժեշտ է ավելի հաճախակիացնել բանակցային գործընթացը և դա կարող է երկարաժամկետ հեռնակարում հանգեցնել ինչ-որ արդյունքների: Պարզ է, որ սա դյուրին գործընթաց չէ: Գործընթացը դրսևորվում է ոչ միայն համանախագահների տարածաշրջանային այցելություններով, այն նաև նախագահության ավելի համախմբված գործողություններով: Այս առումով նմանատիպ հանդիպումները, որոնց մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման գործում»,- ասաց Ա. Ալեքսանդր Մարկարովը:
Համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան այցելելու և նախագահների հետ մինչ տարվա վերջ ծրագրված գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր քննարկելու մտադրությունը, քաղաքագետի կարծիքով, պայմանավորված է բանակցային գործընթացի` առավել բանական և չափավոր բնույթ ստանալու ակնկալիքներով:
«Հաշվի առնելով Ադրբեջանում ընտրական գործընթացների մոտալուտ ավարտը և դրա հետ կապված Բաքվից հնչող ռազմական հռետորաբանության նվազման ակնալիքները, մենք ներկայումս, կարծես թե, թևակոխում ենք, ինչ-որ առումով ավելի հանդարտ և բանական ժամանակաշրջան: Իմ կարծիքով հենց այս ամենով են պայմանավորված նոյեմբերին նախատեսված են համապատասխան հանդիպումները»- ասաց Ալեքսանդր Մարկարովը: