Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները միմյանց հետ զրուցել են
Քաղաքական
12:35 28/09/2013

Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները միմյանց հետ զրուցել են

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այս գիշեր Ռոհանին իր կեցավայրից ուղևորվում էր Նյու Յորքի օդանավակայան: (Ռոհանին արդեն վերադարձել է Իրան):

Զրուցակիցները քննարկել են երկկողմ խնդիրներին առնչվող հարցեր, շեշտել են միջուկային խնդրի արագ հանգուցալուծման գործում քաղաքական կամք դրսևորելու և տարածաշրջանային խնդիրների շուրջ երկկողմ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցով խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ նախագահների զրույցը կայացել է Հասան Ռոհանիի նախաձեռնությամբ և տևել է շուրջ 15 րոպե:

«Իրանական պատվիրակության կողմից մեզ տեղեկացրին, որ նախագահ Ռոհանին ցանկություն է հայտնել վերադարձի ճանապարհին հեռախոսազրույց ունենալ Օբամայի հետ, և մենք էլ կազմակերպեցինք այն և կառուցողական զրույց տեղի ունեցավ»,-հավելել է Սյուզան Ռայսը:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի կենտրոնակայանում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած հանդիպումից հետո կարճ հանդիպում էր կայացել նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև:

Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Անցնող տարիների ընթացքում երկու երկների ղեկավարների միջև նամակագրություն, կամ անուղղակի շփումներ տեղի են ունեցել, սակայն առաջին անգամն էր, որ նախագահների մակարդակով հեռախոսազրույց և ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է տեղի ունենում: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:

Նախորդող հրապարակումներ՝
Հարաբերությունների կարգավորումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների շահերից. Իրանագետ

Իրանը հակված չէ ուժեղացնել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությունը. ՄԱԿ-ում Ռոհանիի ելույթից (Տեսանյութ)

Բարաք Օբամա. ԱՄՆ-ն հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը

Placeholder
Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները միմյանց հետ զրուցել են