Ն.Զոհրաբյան. Այսօր Սիրիայում,  հնարավոր է, սկիզբ է դրվում մի նոր ցեղասպանության
Քաղաքական
13:33 03/10/2013

Ն.Զոհրաբյան. Այսօր Սիրիայում, հնարավոր է, սկիզբ է դրվում մի նոր ցեղասպանության

ԵԽԽՎ նստաշրջանների օրակարգում մշտապես լինում է մի հատուկ թեմա, որին նվիրված քննարկում է ացկացվում: Այսօր հատուկ թեման Սիրիան էր ու այդ երկրում ու երկրի շուրջ ընթացող զարգացումները, որոնց էլ անդրադարձավ իր ելույթում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը.

«Չնայած հայտարարված թայմ-աութին, սիրիական պատերազմի վտանգը դեռևս կա, ինչին միանշանակ դեմ է միջազգային հանրությունը: Բոլորս էլ հասկանում ենք հնարավոր այս պատերազմի իրական հետևանքները, քանզի այդտեղ ներգրավված են խորը հակասություններ ունեցող պետություններ: Սիրիական պատերազմից տուժելու են բոլորը: Նաև նրանք, ովքեր իշխանության եկան պատերազմի դեմ կարգախոսներով, իսկ այժմ պատրաստվում են պատերազմի: Կարծում եմ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ռազմական միջամտությունը չի օգնելու վերջ դնել քաղաքացիական պատերազմին: Մինչդեռ, նման միջամտության հետևանքները կարող են կործանարար լինել»,- քիչ առաջ իր ելույթում հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Պատգամավորը մատնացույց արեց, որ Սիրիայում դեպի հակամարտության գոտի սպառազինման հոսքը չի դադարում, ինչը միմիայն խորացնում է ճգնաժամը: Բայց մեկ բան հստակ է` անընդունելի է աշխարհակարգի սեփական մոդելի պարտադրումը այլ երկրների, ում կողմից էլ որ այդ պարտադրանքը լինի.

«Սիրիական հասարակությունն ինքը պետք է որոշի իր երկրի ապագան ու ճակատագիրը: Այսօր էլ, կարծում եմ, միջազգային հանրությունը դեռ ունի հնարավորություն Սիրիայում դադարեցնելու արյունալի ու կործանարար քաղաքացիական պատերազմը, հումանիտար աղետը: Եթե գերխնդիրը լինի ոչ թե առանձին պետությունների, այլ սիրիական ժողովրդի շահն ու որպես նպատակ ընտրվի խաղաղությունը»,- նշեց նա:

Շարունակելով Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց` արյունահեղ պատերազմի զոհերի և փախստականների թիվը սարսափեցնող է, այն է` 100 հազարից ավելի զոհ, որոնց թվում կանայք ու երեխաներ, մոտ 7 միլիոն փախստական ու ներքին տեղահանված:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը նշեց, որ իրեն մեծապես հուզում է նաև Սիրիայում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրն ու նրանց անվտանգությունը: Պատերազմը, ըստ Ն.Զոհրաբյանի, անխուսափելի է դառնում, երբ ավարտվում է դիվանագիտությունն ու քաղաքականությունը, այն խորացնելու է առկա հումանիտար աղետը, խորացնելու է ազգային փոքրամասնությունների, կրոնական և էթնիկ խմբերի միջև ատելությունն ու բախումները, բերելու է բացարձակ քաոսի: Իսկ քաոսը լուրջ սպառնալիք է ողջ աշխարհի համար.

«Այո, սա նորագույն պատմության մեջ չտեսնված ու ամոթալի հումանիտար աղետ է: Այսօր Սիրիայում, հնարավոր է, սկիզբ է դրվում մի նոր ցեղասպանության: Այսօրվա հռետորաբանությունը, առկա զարգացումները նախազգուշացնում են, որ մեզ նոր ցեղասպանությունից ընդամենը մեկ քայլ է բաժանում: Մեկ անզգույշ քայլ և մենք կունենանք նոր պատմական ողբերգություն: Ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որը երկու տարի հետո նշելու է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100 ամյակը, և որը շատ լավ է պատկերացնում էթնիկ և ազգային հողի վրա տեղի ունեցած ցեղասպանության ողջ ողբերգությունն ու հետևանքները: Ի դեպ, 100 տարի առաջ իմ հայրենակիցներից շատերը մի կերպ փրկվելով կոտորածից, Թուրքիայից ոտքով հասել են Սիրիա` դառնալով այդ երկրի արժանապատիվ քաղաքացիներ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանն ու հավելեց` «մտածենք այս ամենի մասին, քանի դեռ ուշ չէ»:
 

Placeholder
Ն.Զոհրաբյան. Այսօր Սիրիայում, հնարավոր է, սկիզբ է դրվում մի նոր ցեղասպանության