Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր
Առողջություն
14:06 07/10/2013

Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հոկտեմբերի 4-ին երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, առողջապահության նախարարության և մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են ևս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը:

Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:

Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտութուններ (ընթացքում են) և բուժում:

Հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:
 

Placeholder
Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր