Դ.Հարությունյան. Հարցը ոչինչ չփոխեց, նախագահի անվան հետ կապված ոչ մի փոփոխություն չեղավ
Քաղաքական
11:33 10/10/2013

Դ.Հարությունյան. Հարցը ոչինչ չփոխեց, նախագահի անվան հետ կապված ոչ մի փոփոխություն չեղավ

«Հանրապետության նախագահը թերևս շատ ավելի ծանր հարցեր է քննարկում և նման պարզունակ ձևերով նրան փորձել ծուղակը գցել հնարավոր չէ: Սա ոչինչ չփոխեց, նախագահի անվան հետ կապված ոչ մի փոփոխություն չեղավ և շատերը նշեցին, որ Սերժ Սարգսյանը այս հարցում վարվեց այնպես, ինչպես կվարվեր եվրոպացի ցանկացած նախագահ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ԵԽԽՎ աշնանային նիստում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին.

«Իմ վերաբերմունքը բացասական է, կարծում եմ, որ դա գրեթե աննախադեպ դեպք էր խորհրդարանական պատմության մեջ»,- ավելացրեց նա ու հավելեց, որ Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հեռացնելու մասին չէ խոսքն այսօր, այլ ընդամենը պատվիրակությունը ձևավորելու մասին. «Իսկ այդ հարցում մենք պետք է հաշվի առնենք ԵԽ կանոնները»,- նշեց Դ.Հարությունյանը:

Այն հարցին, թե հնարավոր է դատական կամ իրավական մեխանիզմներ կիրառվեն Զ.Փոստանջյանի նկատմամբ, Դ.Հարությունյանը նշեց, որ այս պահին այդ մասին դժվար է ասել, բայց և շեշտեց` խոսք չկա Զարուհի Փոստանջյանին հետապնդելու մասին. «Խոսքը պատվիրակություն ձևավորելու մասին է»:

Դ.Հարությունյանը նշեց, որ խոսքի ազատ արտահայտումը, խոսքի իրավունքը ամենակարևոր իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ սահմանափակումների մասին, որոնք նաև ամրագրվում են բազմաթիվ կանոնադրություններով:

Placeholder
Դ.Հարությունյան. Հարցը ոչինչ չփոխեց, նախագահի անվան հետ կապված ոչ մի փոփոխություն չեղավ