Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. «Մեզ մոտ շատացել են հոգեբաններին դիմողները»
Օրվա թեմա
08:58 10/10/2013

Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. «Մեզ մոտ շատացել են հոգեբաններին դիմողները»

Այսօր Հայաստանում շատացել է հոգեբաններին դիմողների թիվը երկու պատճառով` շատացել են անհանգստությունները, խնդիրները և զարգացել է հոգեբաններին դիմելու մշակույթը խնդիրների դեպքում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց պրակտիկ հոգեբան Նառա Իսրայելյանը: «Պատճառները, որոնցով դիմում են, ավելի շատ կապված են վախերի, ինքնագնահատականների անկման հետ, դրա հետևանքով մարդիկ դառնում են անտրամադիր, հուսահատ և նաև առաջանում է դեպրեսիա, որն արդեն որոշակի ախտորոշում է կրում իր մեջ»,- մանրամասնեց հոգեբանը:

Նա նշեց, որ ինքը հիմնականում աշխատում է երեխաների, հետ, բայց նույն միտումը կարելի է նկատել և մինչև 12-13 տարեկան երեխաների, և դեռահասների, և երիտասարդների մոտ:

Ն. Իսրայելյանի խոսքով, կոնկրետ վախերը շատացել են, քանի որ շատ է բացասական ինֆորմացիան և հեռուստատեսությամբ, և ինտերնետով, ինչի հետևանքով առաջանում է անվստահություն կոնկրետ իր անձի, նաև շրջապատի վերաբերյալ:

«Դրանք բացասական ինֆորմացիայի շուրջ առաջացած վախեր են, որոնք երեխաների, դեռահասների մոտ բերում են ինքնագնահատականի անկման, որոնք կարող են արտահայտվել դեպրեսիվ փակվածությամբ կամ ագրեսիվ պաշտպանությամբ: Երկու դեպքում էլ լինում է ինքնագնահատականի անկում, որովհետև երեխան կամ դեռահասը սկսում է ինքն իրեն դուր չգալ: Եթե փոքր երեխան սկսում է ինքն իրեն դուր չգալ, առաջանում է շփման խնդիր ընտանիքում, իսկ եթե ավելի մեծ է, արդեն նաև դրսում` հասակակիցների հետ»:

Հոգեբանը խորհուրդ տվեց, որ երեխաների, դեռահասների շրջանում ավելի շատ լինի դրական ինֆորմացիան, իրենց եսի ու շրջապատում շփումների վերաբերյալ ունենան դրական ինֆորմացիա. «Չպետք է երեխաներին ուղղակի արգելել շփվել կամ դիտել բացասական երևույթներ, քանի որ արգելելը բերում է նրան, որ սկսում են ավելի ցանկանալ կամ անել, պետք է երեխաների առօրյան լինի հետաքրքիր, տալ դրական ինֆորմացի, դրական զբաղվածություն»:

1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից։ Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Այդ իսկ պատճառով ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն այդ երևույթի վերաբերյալ: Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: Որպեսզի հոգեկան առողջության խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև ողջ հասարակությունը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, «Հոգեկան առողջություն և տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։

Առողջապահության համաշխարհային կազամակերպության (ԱՀԿ) հաշվարկներով ներկայումս ամբողջ աշխարհում 60-ից բարձր տարիք ունեցողների թիվն ավելի քան 800 միլիոն է: Կանխատեսումները վկայում են, որ 2050 թվականին նրանց թիվը կլինի մոտ երկու միլիարդ: Տարեց մարդկանց մոտ հիմնականում ի հայտ են գալիս հետևյալ հոգեկան խանգարումները` թուլամտություն, դեպրեսիա և տագնապներ, ինչպես նաև համակցություն առողջական տարբեր խնդիրների հետ, ներառյալ` սիրտ անոթային խանգարումների, քաղցկեղի և դիաբետի հետ:
ԱՀԿ տվյալներով` Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 60-ից բարձր տարիքի մարդկանց 4.7%-ը։ Վիճակագրությունը փաստում է, որ այս ցուցանիշը յուրաքանչյուր քսան տարին մեկ կրկնապատկվում է և այդ հաշվարկներով 2050 թվականին 60-ից բարձր 115.4 միլիոն մարդ կունենա այդ հիվանդությունը: Տարեցների շուրջ 10%-ի մոտ առկա են տագնապներ, խուճապ և ֆոբիաներ: Տարեցների հոգեկան առողջության խնդիրների լուծման գործում կարևորվում է աշխատանքը տարեցների խնամողների և ընտանիքների հետ: Մի կողմից մեծ է նրանց դերը տարեցների արժանապատիվ ծերության ապահովման գործում, մյուս կողմից նրանք ևս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն:
Հայաստանի Հանրապետությունում այսօր հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 45 հազար մարդ։

Placeholder
Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. «Մեզ մոտ շատացել են հոգեբաններին դիմողները»