Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՕԵԻ-ի Գլխավոր քարտուղարի կոշտ արձագանքը ադրբեջանական սադրանքին. բացահայտումներ ԼՂՀ օմբուդսմենից
Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի հետ:
- Պարոն Հայրապետյան, կպատմե՞ք Ավստրիայում կայացած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25 ամյակին նվիրված համաժողովում Ձեր մասնակցության մասին:
- Սեպտեմբերի 19-22-ին ես` որպես Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի անդամ, մասնակցել եմ ինստիտուտի 25 ամյակին նվիրված միջոցառումներին և ՕԵԻ-ի հերթական ընդհանուր ժողովին: Ամենակարևոր միջոցառումներից էր «Եվրոպայում օմբուդսմենի անկախությունը» թեմայով համաժողովը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին: Համաժողովի ընթացքում իրենց զեկույցներն են ներկայացրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Լաուրի Սիվոնենը, Եվրոպայի օմբուդսմենի ներկայացուցիչ Գերհարդ Գրիլը, Իտալիայից և Ճապոնիայից ժամանած գիտնականներ, Եվրամիության Հիմնարար իրավունքների գործակալության ներկայացուցիչ Յորգ Գեբհարթը և այլոք:
Ես նույնպես ելույթ եմ ունեցել համաժողովի ընթացքում` բարձրացնելով Եվրոպայի պաշտոնական իրավապաշտպան կառույցների կողմից դե ֆակտո անկախ հանրապետությունների օմբուդսմենի ազգային ինստիտուտների հանդեպ ավելի լուրջ վերաբերմունքի անհրաժեշտության խնդիրը: ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծման և կայացման պատմության մասին տեղեկացնելով` ես նշել եմ, որ դա գնահատում ենք որպես մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների կարևոր բաղկացուցիչ մաս:
Ողջունելով այն օգնությունը, որը Եվրոպայի պաշտոնական կառույցները ցուցաբերում են նախկին խորհրդային պետությունների օմբուդսմենի ազգային ինստիտուտներին` ես ընդգծել եմ, որ մեր ինստիտուտը զրկված է նմանատիպ օգնությունից և ստիպված է զարգանալ` օգտագործելով այն միջազգային փորձը, որը կարելի է ստանալ համացանցային և այլ ռեսուրսներից: Այդ համատեքստում ՕԵԻ-ի անդամների ընդհանուր ժողովները և մյուս միջոցառումներն իմ գործընկերների հետ շփվելու և նրանց փորձն ուսումնասիրելու թերևս միակ հնարավորությունն է: Նշել եմ նաև, որ, տեղեկացված լինելով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի` տարբեր երկրներում անցկացրած մարդու իրավունքների իրադրության մոնիթորինգի մասին` ափսոսանք եմ հայտնել համաժողովում նրա բացակայության կապակցությամբ և խնդրել եմ նրա տեղակալ Լաուրի Սիվոնենին նրան փոխանցել նույն նպատակով ԼՂՀ այցելելու հնարավորությունը քննարկելու իմ խնդրանքը:
- Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ձեզ իբրև թե «հեռացրել են համաժողովից» ադրբեջանական կողմի պահանջի համաձայն: Կպատմեք` ի՞նչ է իրականում կատարվել:
- Իմ ելույթից հետո խոսքի իրավունք խնդրեց Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչ Զ. Ալիևը և, ավանդական դարձած հակահայկական հայտարարություններ կատարելով, հայտնեց, որ իմ մասնակցությունը համաժողովում միջազգային իրավունքի խախտում է, որին հետևեց ՕԵԻ-ի գլխավոր քարտուղար Յ. Զիգելեի բավականին կոշտ մեկնաբանությունը: Զիգելեն ելույթ ունեցողի ուշադրությունն արդարացիորեն ուղղեց դեպի համաժողովի հարթակից հնչեցված նրա քաղաքական հայտարարությունների անթույլատրելիությանը և իմ մասնակցության իրավունքին, իսկ պրն. Լ. Սիվոնեն, ինձ առաջարկության համար շնորհակալություն հայտնելով, նշեց, որ Եվրոպայի խորհրդի հանձնակատարն իրոք չի զբաղվել դե ֆակտո անկախ պետությունների օմբուդսմենի ինստիտուտներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցերով և սիրալիրորեն համաձայնեց պրն. Ն. Մուժնիեկսին փոխանցել մարդու իրավունքների իրադրության մոնիթորինգի նպատակով ԼՂՀ այցելելու իմ հրավերը: Հաջորդ օրը` սեպտեմբերի 21-ին, կայացավ ՕԵԻ-ի անդամների ընդհանուր համաժողովը, որի ընթացքում հնչեցին ՕԵԻ-ի նախագահի և այլ ղեկավար մարմինների զեկույցները, որից հետո տեղի ունեցավ նախագահի, խորհրդի անդամների և կազմակերպության ունկնդիրների ընտրությունը, որում ես` որպես ՕԵԻ լիարժեք անդամ, նույնպես մասնակցեցի:
Ինսբրուքում անցկացրած իմ ժամանակի մասին մանրամասն զեկույցին կարող եք ծանոթանալ ԼՂՀ օմբուդսմենի կայքում և Ֆեյսբուքում ԼՂՀ օմբուդսմանի աշխատակազմ/ Аппарат омбудсмана НКР: Ադրբեջանի օմբուդսմենի կայքում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի` այդ երկրի օմբուցմենի ապարատի աշխատակից Զ. Ալիևի պահանջով ես իբրև թե “հեռացվել” եմ միջազգային համաժողովից, ակնհայտ սուտ է: Հնարավոր է, որ այդ ապատեղեկատվությունը պատրաստվել է միայն ներքին լսարանի համար և չի պլանավորվել այն Ադրբեջանի սահմաններից դուրս բերել, որպեսզի սուտը չբացահայտվի: Այդ իսկ պատճառով այդ տեղեկատվությունը օմբուդսմենի կայքում տեղակայված է միայն ադրբեջաներենով (առանց անգլերեն թարգմանության): Սակայն որոշ ադրբեջանական գործակալություններ խաբվելով տարածել են այն ռուսերեն լեզվով:
Ընդ որում` նա նաև սխալ է թույլ տվել. Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը նշել է ոչ թե 15 (այդպես է նշված նրա տեղեկատվության մեջ), այլ ստեղծման օրից սկսած արդեն 25 ամյակը: Ադրբեջանի ներկայացուցիչը նաև ապատեղեկացրել է երկրի կառավարությանը` հավաստիացնելով, որ «իր ելույթում մանրամասնորեն պատմել է Ադրբեջանի օմբուդսմենի ապարատի գործունեության մասին»: Իրականում եղել է միայն Ստրասբուրգի դատարանի վրա Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ազդեցության հնարավորության մասին պրն. Լ. Սիվոնենին ուղղված տարօրինակ հարցը, որը շատերին շփոթեցրեց: Ի պատասխան այդ հարցին` տարածաշրջաններից մեկի օմբուդսմենը Զ. Ալիևի համար դատարանների անկախության մասին մի փոքր դաս անցկացրեց, իսկ պրն. Լ. Սիվոնեն թեման զարգացրեց մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի օրինակով:
- Որոնք են լինելու Ձեր հետագա գործողությունները:
- Ես Ադրբեջանի ներկայացուցչի վարքը դատապարտելու կոչով դիմել եմ Եվրոպայի օմբուդսմենների համայնքին: Որպես օմբուդսմենների եվրոպական համայնքի անդամի` ինձ տվյալ իրավիճակում ավելի անհանգստացնում է օմբուդսմենի ինստիտուտի ապագան ընդհանրապես, որն իր առաձին ներկայացուցիչների վարքով քաղաքական օրգան դառնալու և հենց դրանով էլ հայտնի փարիզյան սկզբունքներից հեռանալու վտանգի տակ է: Դատելով Ադրբեջանի օմբուդսմենի քաղաքական, ոչ միայն անտեղի, այլ նաև սուտ, իսկ հաճախ նաև ռազմական հայտարարություններից` հարևան երկրի այդ ինստիտուտը արդեն անցել է այդ փոխակերպման միջով: Այդ իսկ պատճառով էլ ես իմ պարտքը համարեցի այդ տեղեկատվությունը հասցնել ՕԵԻ-ի բոլոր անդամներին և կցանկանայի հուսալ, որ այն նրանց կօգնի ավելի քննադատորեն մոտենալ Ադրբեջանի օմբուդսմենի` արդեն ավանդական դարձած հակահայկական հայտարարություններին: