«Նորից տեղեկատվության շեղում. առաջարկության հեղինակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, ոչ թե Վիգեն Սարգսյանը». Հրայր Թովմասյան
Իրավունք
12:39 10/10/2013

«Նորից տեղեկատվության շեղում. առաջարկության հեղինակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, ոչ թե Վիգեն Սարգսյանը». Հրայր Թովմասյան

Մամուլի հրապարակումների համաձայն` ՀՀ նախագահի աշխատակազմը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին:

Նշենք, որ գործող Սահմանադրության համաձայն, Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Panorama.am-ն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, արդյո՞ք, փոփոխությունն արվում է կոնկրետ անձի կամ անձանց համար:

«Նորից տեղեկատվության շեղում: Ես թերևս միակ պաշտոնատար անձն եմ, ով եղել է և այն հանձնաժողովում, որը ղեկավարել է Վիգեն Սարգսյանը և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում»,- ասաց Հ.Թովմասյանը` հավելելով, որ առաջարկն ավելի վաղ արվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդամենը փոխանցել է առաջարկները համապատասխան հանձնաժողովին:

«Խնդիրը հետևյալն է, մենք ստացել ենք տասնյակ առաջարկություններ դեռևս ընտրական օրենսդրության բարեփոխումների ժամանակ և այն առաջարկությունները, որոնց մասին դուք խոսում եք` կապված նախագահին ներկայացվող նստակեցության ցենզը հանելու հետ, մենք ստացել ենք ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ից: Բայց որևէ քննարկում դրա վերաբերյալ չի եղել, դրանք դրվել են մի կողմ, քանի որ այդ հարցադրումները, որոնք կատարում էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, վերաբերում էր սահմանադրական փոփոխություններին, քանի որ նստակեցության ցնեզը սահմանված է Սահմանդրությամբ»,-ասաց Թովմասյանը:

Արդարադատության նախարարի խոսքով, այս պահին Վիգեն Սարգսյանն ընդամենը այդ հարցերը փոխանցել է այն մարմնին, որն իրավասու է դրանք քննարկելու:

«Սա նախագահի աշխատակազմի առաջարկությունները չեն, Վիգեն Սարգսյանի առաջարկությունը չէ, և Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով դրան, ընդամենը մատնանշել է արդեն արված առաջարկությունները: Այնտեղ կան նաև շատ առաջարկություններ, որոնք փոխանցվել են հանձնաժողովին, և փոխանցվելուց հետո չի նշանակում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, դրանց վերաբերյալ արդեն իսկ որոշում է կայացրել»,-նկատեց նա:

Նախարարը նշեց, որ եթե հետևելու լինենք իր դիսերտացիոն աշխատանքին, ելույթներին ու գիտական հոդվածներին, ապա կտեսնենք, որ ինքը դեմ է նստակեցության ցենզը հանելուն, բայց հանձնաժողովը կքննարկի դրանք, ինչպես ցանկացած առաջարկություն, որը կլինի:

«Կրկնում եմ, սա նախագահի աշխատակազմի առաջարկությունը չէ, պարզապես, Վիգեն Սարգսյանը ստացած առաջարկությունները` կապված Ընտրական օրենսդրության փոփոխությունների հետ, փոխանցել է այն հանձնաժողովին, որն իրավասու է այդ հարցերը ընդամենը քննարկելու: Եվ այստեղ խոսել որոշումների մասին, ինչ-որ մեկի մասին, կներեք չեմ ուզում ինչ-որ պիտակներ տալ: Եվ եթե այդպիսի բան կա, ապա դրա հեղինակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, ոչ թե նախագահի աշխատակազմը»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր հրամանագիր` ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: ՀՀ Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին արդարադատության նախարարությունից, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իր անդրանիկ նիստում նախատեսել է տարբեր մասնագետների և կազմակերպությունների ներկայացրած առաջակությունների ընդունման, ուսումնասիրման և քննարկման ընթացակարգ, որի համաձայն՝ մասնագիտական առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Placeholder
«Նորից տեղեկատվության շեղում. առաջարկության հեղինակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, ոչ թե Վիգեն Սարգսյանը». Հրայր Թովմասյան