Վարդան Մինասյան. «Ավելորդ բաներին ոչ մի կերպ չեմ վերաբերվում, մտածում եմ միայն խաղի մասին»
Սպորտ
13:00 10/10/2013

Վարդան Մինասյան. «Ավելորդ բաներին ոչ մի կերպ չեմ վերաբերվում, մտածում եմ միայն խաղի մասին»

Աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպման նախաշեմին մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ֆուտբոլային հասարակայնության մեջ առկա ռևանշիստական տրամադրությունները կարող են խանգարել իրենց:

«Վերջին օրերին հաճախ եմ ռևանշիստական հայտարարություններ լսում. դրանք ավելորդ են և կխանգարեն մեզ: Առաջիկա հանդիպման արդյունքը մեզ համար կարևոր է: Թեկուզ փոքր, բայց հաջորդ փուլում հայտնվելու հնարավորություն ունենք և պետք է ձգտենք իրագործել այն: Բացի այդ, Հայաստանում դեռ հաղթանակ չենք տոնել, նաև վարկանիշի խնդիր ունենք: Ընտրական փուլի վերջին երկու խաղում հաջողության դեպքում չորրորդից կբարձրանանք երրորդ զամբյուղ: Այնպես որ, մեր մոտիվացիան շատ բարձր է»,- ասաց Վարդան Մինասյանը:

Նա նշեց նաև, որ Արթուր Եդիգարյանը որակազրկման պատճառով բաց կթողնի բուլղարացիների հետ հանդիպումը, իսկ Մասիս Ոսկանյանի մասնակցությունը դեռ հարցականի տակ է:

«Բուլղարիայի հավաքականն ագրեսիվ է խաղում և բարձր մոտիվացիայով,- ավելացրեց Վարդան Մինասյանը:- Դրա շնորհիվ է, որ այժմ երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում: Սոֆիայում մենք տրվեցինք սադրանքներին և պարտվեցինք: Հիմա պետք է ձգտենք կենտրոնանալ մեր խաղի վրա և արդյունք ապահովել»:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, պատասխանելով հարցերից մեկին, նշեց, որ ոչ մի կերպ չի վերաբերվում բուլղարացիներին «ջերմ» դիմավորելու ակցիային և մտածում է միայն վաղվա հանդիպման մասին:

Placeholder
Վարդան Մինասյան. «Ավելորդ բաներին ոչ մի կերպ չեմ վերաբերվում, մտածում եմ միայն խաղի մասին»