Ռուբեն Մելքոնյան. Արձանագրությունները գլխացավանք դարձան թուրքական կողմի համար
Քաղաքական
13:55 14/10/2013

Ռուբեն Մելքոնյան. Արձանագրությունները գլխացավանք դարձան թուրքական կողմի համար

Ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը տեսավ, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տապալվեց թուրքական կողմի ապակառուցողական քաղաքական գծի արդյունքում: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, որոնց ստորագրումից անցել է 4 տարի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Կարծում եմ, ավելորդ է խոսել այն մասին, թե ում ջանքերի շնորհիվ տապալվեց այս գործընթացը: Դրա հիմնական պատճառը թուրքական կողմի դեստրուկտիվ պահվածքն էր: Ինչ-որ չափով այս ամենի հիմքում ընկած է նաև թուրքական կողմի քաղաքական կոմպլեքսավորվածությունը: Ողջ միջազգային հանրությունը տեսավ և դատապարտեց թուրքական կողմի նման պահվածքը»,-նշեց Ռ. Մելքոնյանը:

Բանախոսի խոսքերով, միջազգային հարաբերություններում շատ հաճախ կարևորվում է ոչ թե գործընթացի տրամաբանական ավարտը, այլ գործընթացը: Այս տեսանկյունից, ըստ փորձագետի, հայկական կողմը քաղեց առավելագույնը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացից և միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Թուրքիան չի կատարում իր վրա վերցրած պարտավորությունները:

Թուրքագետի կարծիքով, այս 4 տարիների ընթացքում ծավալվող գործընթացը ցույց տվեց, որ արձանագրությունները ամենից շատ հետաքրքրում են թուրքական կողմին և հենց թուրքական կողմն է փորձում արդարացումներ գտնել ստեղծված իրավիճակի համար:

«Արձանագրությունները գլխացավանք դարձան թուրքական կողմի համար»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրին բանախոսը նշեց, որ սույն գործընթացը ունի զարգացման 2 տարբերակ` կամ «դրանք հիմք կդառնան նոր բանակցությունների, նոր արձանագրությունների համար, կամ էլ մենք հանգիստ խղճով դրանք կարող ենք նետել քաղաքական և պատմական աղբարկղը, այն համոզվածությամբ, որ մենք դրանցից քաղել ենք հնարավոր ամեն ինչ»:

Placeholder
Ռուբեն Մելքոնյան. Արձանագրությունները գլխացավանք դարձան թուրքական կողմի համար